ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Վերին Լարսում ստեղծված իրավիճակն ու ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծումների անհրաժեշտության մասին են խոսել հայ և ռուս մաքսային ծառայությունների ներկայացուցիչները։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ։
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև «Վերին Լարս» անցակետի վերակառուցման և արդիականացման ընթացիկ աշխատանքներին, որի ավարտին տնտեսվարողները հնարավորություն կունենան ստանալու նոր որակի և ժամանակի պահանջներին համահունչ ծառայություններ»,- ասված է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։