Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վաչագան Ղազարյանը, նրա կինը և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենը բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով գումար են շորթել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում` բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նույն մեղադրանքով քրեական հետապնդում է հարուցվել նաև Վաչագան Ղազարյանի կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
«Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով դատախազական հսկողությամբ իրականացվում են վարութային և այլ ապացուցողական գործողություններ»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ 2012 թվականի հոկտեմբերի 1-ից Ս.Կ.-ն աշխատել է ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանին և նրա կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում` որպես տնօրեն: Համալիրի գլխավոր հաշվապահն է հանդիսացել Սուսաննա Արիստակեսյանը:
Վաչագան Ղազարյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
2017 թվականի հունիսի սկզբին Ս.Կ.-ն աշխատակիցներից տեղեկացել է Ս.Ա.-ի կողմից հաճախորդներից ստացված որոշակի գումարներ ռեստորանի դրամարկղ չմուտքագրելու վերաբերյալ և այդ մասին հայտնել է Վ.Ղ.-ին ու նրա կնոջը՝ Ռ.Բ.-ին, ովքեր որոշել են բռնություն գործադրելու սպառնալիքներով հաշվապահից շորթմամբ պահանջել և ստանալ առանձնապես խոշոր չափերի 40 մլն դրամ գումար:
«Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով նույն ժամանակահատվածում Ս.Կ.-ն, Վ.Ղ.-ն և Ռ.Բ.-ն շորթմամբ, առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, հիշատակելով Վ.Ղ.-ի՝ ՀՀ երրորդ նախագահի անվտանգության պետի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը՝ պահանջել են 40 մլն դրամ գումար, իսկ պահանջը չկատարելու դեպքում սպառնացել են ոտնձգություն կատարել հաշվապահի և նրա որդու կյանքի ու առողջության նկատմամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Նախաքննությունը պարզել է, որ Ս.Ա.-ն հարկադրված գրավադրել է իր ոսկյա զարդերը, մտերիմներից պարտքով վերցրել գումարներ, վաճառել բնակարանը և 2017 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարազատների միջոցով նրանց փոխանցել պահանջված ընդհանուր 40 մլն դրամը:
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանն ու իր կինը մեղադրվում են նաև 2013 թվականից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում «Յանս» համալիրի գործունեության հետ կապված առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 771 մլն ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափել մեջ:
Այս գործով Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր գումարը կանխիկացնելուց հետո բանկից դուրս գալու պահին։ Մի քանի ամիս անց Վերաքննիչ դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Վաչագան Ղազարյանին։