Նոր բանաձև` ի աջակցություն ՀՀ–ի. Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը համերաշխություն է հայտնել

Բանաձևում անդրադարձ կա նաև հումանիտար խնդիրներին, օրինակ` ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Թունիսի Ջերբա քաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում անդամ երկրները «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձև են ընդունել` ի աջակցություն Հայաստանի։
Բանաձևն ընդունվել է նոյեմբերի 20-ին։ Այն համերաշխությունն է հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ Հայաստանին և այս համատեքստում խորին մտահոգություն հայտնում վերջերս տեղի ունեցած ռազմական էսկալացիայի, հատկապես դրա հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։
«Միջազգային գործընկերների հետ համատեղ, կազմակերպությունը կոչ է անում խաղաղ և տևական կարգավորման ուղղությամբ ջանքեր գործադրել՝ հարգելով տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության սկզբունքները՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության։ Կոչ է արվում նաև խստորեն հարգել հրադադարը»,– ասված է հաղորդագրությունում։
Բանաձևն ընդգծում է նոր էսկալացիայից խուսափելու կարևորությունը և կոչ անում լիարժեք իրականացնել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը` ողջունելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Բանաձևում անդրադարձ կա նաև հումանիտար խնդիրներին, օրինակ` ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ։
«Ակնկալում ենք միջազգային հանրության արդար գնահատականը». Փաշինյանի ելույթը Թունիսում
ՖՄԿ-ն նաև մտահոգություն է հայտնել մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ և իր աջակցությունը ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացմանը։
Հավելենք նաև, որ Ֆրանկոֆոնիայի Ջերբայի հռչակագրով կազմակերպության անդամ-երկրները շնորհակալություն են հայտնել Հայաստանին` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը վերջին 4 տարվա ընթացքում նախագահելու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ նոյեմբերի 19-ին մեկնել է Թունիս` մասնակցելու Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին: Գագաթնաժողովին Հայաստանը ՖՄԿ–ի նախագահությունը փոխանցել է Թունիսին։
Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը կրկին հանդիպել են, այս անգամ` Ջերբայում