ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Արդեն եկող տարվա գարնանը հնարավոր կդառնա Հայաստանից ուղիղ չվերթով Լատվիա հասնել։ 11 տարվա ընդմիջումից հետո «Էյր Բալթիկ» ավիաընկերությունը վերսկսում է Ռիգա–Երևան–Ռիգա ուղիղ չվերթերը։
«Դա մեծ հնարավորություններ է բացում հայ զբոսաշրջիկների համար. մեկնել Ռիգա և այնտեղից`աշխարհի մոտ 90 քաղաք»,– լրագրողների հետ զրույցում նոր ավիաերթուղու շնորհանդեսի ժամանակ հայտնեց ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը։
ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը
© Sputnik / Andranik Ghazaryan
Նրա խոսքով` սա նոր ու հրաշալի հնարավորություն է հայաստանյան տուրիստական ընկերությունների համար` նոր առաջարկներ ներկայացնել շուկայում։ Հանգստի մեկնելիս մարդիկ առավել նախընտրություն են տալիս այն ուղղություններին, որտեղ կարելի է հասնել ուղիղ չվերթով։ Սա թարմ շունչ կհաղորդի եղած առաջարկներին։
«Լատվիային շատ մոտ են Էստոնիան և Լիտվան, ուստի կարելի է անգամ առանց տարանցիկ չվերթի` բարձրակարգ ավտոբուսներով այցելել, այս երկրներն էլ տեսնել»,– հավելեց Ղասաբօղլյանը։
Չվերթերը մեկնարկելու են 2023 թվականի մայիսի 16-ից` շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Տոմսերի վաճառքն արդեն մեկնարկել է, մատչելի արժեքին այս պահին նաև զեղչերն են գումարվել, կարելի է Երևան–Ռիգա–Երևան երկկողմանի ավիատոմսերը գնել մոտ 200 եվրոյով։
Լատվիայի պատվո հյուպատոսի խոսքով` «Էյր Բալթիկի» ավիապարկն էլ համալրված է նոր ինքնաթիռներով, «ամենատարեցը» 3 տարեկան է։
Արմեն Ղասաբօղլյանի կարծիքով` սա նաև լավ հնարավորություն է երկու երկրների միջև տնտեսական կապերն ակտիվացնելու համար։
Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոս, մեր երկրում «Էյր Բալթիկի» վաճառքի գլխավոր գործակալ «Ամիստադ–տուրի» տնօրեն Արմինե Ադամյանը վստահ է, որ սա կնպաստի ոչ միայն արտագնա, այլև ներգնա տուրիզմի զարգացմանը։
Իսպանիայի պատվավոր հյուպատոս, «Էյր Բալթիկի» վաճառքի գլխավոր գործակալ «Ամիստադ–տուրի» տնօրեն Արմինե Ադամյանը
© Sputnik / Andranik Ghazaryan
«Սա մեզ հնարավորություն կտա դեպի Հայաստան տուրիստների ներգրավելու տարբեր երկրներից։ Մոտ ժամանակներս ճանաչողական այց կկազմակերպվի հայաստանցի զբոսաշրջային գործակալների համար դեպի Ռիգա, Լատվիայից էլ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները ճանաչողական այցի շրջանակներում Հայաստան կգան»,– մեզ հետ զրույցում հայտնեց Ադամյանը։
Ի դեպ, դեպի Ռիգա ավիատոմսերի վաճառքն արդեն հասանելի է նաև ավիաընկերության պաշտոնական կայքէջում։
Ռիգա–Երևան–Ռիգա ուղիղ չվերթի շնորհանդեսը
© Sputnik / Andranik Ghazaryan