ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Երևանում մեքենայի հայելիների գողության հերթական դեպքն է բացահայտվել, 4 տղամարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները նոյեմբերի 20-ի գիշերը Դրոյի փողոցից բաժին են տեղափոխել Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա մի տղամարդու։ Նրա վարած «Աուդիի» սրահում մեքենայի հայելիներ են եղել: Ոստիկանների հարցին, թե որտեղից հայելիները, վարորդը պատասխանել է, թե տաքսի ծառայություն է մատուցել, ուղևորներն են մոռացել մեքենայում:
Պատասխանը, սակայն, հավատ չի ներշնչել, քանի որ ոստիկանները բոլորովին այլ օպերատիվ տեղեկություն են ունեցել: Ոստիկանները դիմել են մայրաքաղաքի պարեկների օգնությանը:
Պարեկները ժամը 5.30-ին Պարույր Սևակի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում նկատել են կասկածելի մի մեքենա, կանգնեցրել «Օպելը», հանգամանորեն ստուգել վարորդի փաստաթղթերը, մինչև տեղ են հասել Քանաքեռ-Զեյթունի գործընկերները:
Ձերբակալվել և «Օպելով» հանդերձ բաժին են տեղափոխվել Նոյեմբերյան, Ստեփանակերտ ու Իջևան քաղաքների երեք բնակիչ` 24, 27 և 35 տարեկան տղամարդիկ: Փաստերի ճնշման տակ նրանք խոստովանել են, որ գիշերվա ժամը չորսին գողացել են Ռուբինյանց փողոցում կայանված «Լեքսուսի» կողային հայելիները. այն նույն հայելիները, որ հայտնաբերվել էին «Աուդիի» սրահում:
Պարզվել է, որ չորսն էլ գործել են մեկ խմբի կազմում, իսկ երկու մեքենա օգտագործել են հանցափաստով չբռնվելու համար: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է դանակ, որով նա կտրել է հայելիների մալուխները:
Չորսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Հաջողվել է պարզել նաև «Լեքսուսի» տիրոջ ինքնությունը, նրանից ընդունվել է հաղորդում:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: