Թուրք-սիրիական սահմանի անցակետը գնդակոծվել է. տուժել է Թուրքիայի անվտանգության 3 աշխատակից

Թուրք-սիրիական սահման
Թուրքիայի զինված ուժերն ավելի վաղ հարվածներ էին հասցրել Սիրիայի հյուսիսի և Իրաքի շրջաններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Թուրք-սիրիական սահմանին անցակետը գնդակոծվել է, հայտնում է Anadolu-ն։
Նշվում է, որ կրակոցների հետևանքով վիրավորվել է մեկ թուրք զինվոր և երկու ոստիկան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում և Իրաքում իրականացրել է «Ճանճ-սուր» օդային գործողությունը, որի արդյունքում ոչնչացվել են քրդական զինված խմբավորումների քարանձավներ, թունելներ և պահեստներ։
Իր հերթին «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (SDF) գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ թուրքական բանակի հարձակումները անպատասխան չեն մնա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և քրդական Ժողովրդի պաշտպանության ջոկատները, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական: