Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուկրաինայից ժամանած հայ գործարարներին

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի հայկական համայնքի հետ գործարար շփումների մակարդակը բարելավելուն ուղղված հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուկրաինայից ժամանած հայ գործարարներին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը
Խաչատուրյանի խոսքով` ուկրաինահայ գործարարների այցելությունը հայրենիք առանձնահատուկ գնահատելի է՝ նկատի ունենալով նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։
«Նման ձևաչափի այցը նոր խթան կդառնա հայ-ուկրաինական գործարար կապերի և առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման համար և նշանակալի ազդեցություն կունենա նաև ուկրաինահայ համայնքի կյանքում»,–ասել է նախագահը։
Հանդիպման ընթացքում նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսական իրողություններին, տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնք միտված են նաև գործարար դաշտի համար տնտեսական միջավայրն առավել գրավիչ դարձնելուն, նոր տեխնոլոգիաների ու թվայնացման համակարգերի ներդրմանը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Ուկրաինայից ժամանած հայ գործարարների հետ
Ուկրաինահայ գործարարների հետ հանդիպման ընթացքում Խաչատուրյանն պատասխանել է հյուրերի հարցերին: Քննարկվել են Ուկրաինայի հայկական համայնքի հետ հարաբերություններն առավել սերտացնելուն և գործարար շփումների մակարդակը բարձրացնելուն ուղղված հարցեր:
Հիշեցնենք` նոյեմբերի 17–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր ուկրաինահայ մի խումբ գործարարների հետ և հայտարարել, որ Հայաստանում նրանց համար տնտեսական գործունեության որևէ արգելք և սահմանափակում չկա։