ՀՀ վարչապետը Ջերբա քաղաքում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն
Զրուցակիցները քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:
«Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն կարևորել են Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու` կանադական կառավարության որոշումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ Երևանում դեսպանատան գործունեությունը նոր թափ կհաղորդի երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ում կանադական ներդրումների ընդլայնմանը վերաբերող հարցեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն
Փաշինյանը Ջասթին Թրյուդոյին է ներկայացրել նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ու դրանց վերացման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումները: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:
Հավելենք, որ Փաշինյանը տիկնոձջ հետ այսօր է մեկնել Թունիս` մասնակցելու Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին։
Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը կրկին հանդիպել են, այս անգամ` Ջերբայում
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ նախորդ անգամ հանդիպել էր 2018 թվականին Հայաստանում։
Փաշինյանը պատմական էր որակել Կանադայի վարչապետի այցը Հայաստան։ Այս տարիների ընթացքում նրանք պարբերաբար հեռախոսազրույցներ են ունեցել։
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Թունիսում է. տեսանյութ, լուսանկարներ