ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Երևանում այսօր անցկացվեց աշխատանքի խոշորագույն JobHub ցուցահանդեսը, որը կազմակերպել են Armenian Code Academy-ն և Move to Armenia-ն։
Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Armenian Code Academy-ի գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանը, սա աշխատանքի արդեն թվով երրորդ տոնավաճառն է։
Աշխատանքի JobHub տոնավաճառը
© Photo : provided by Armenian Code Academy
Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 30 ընկերություն, մեծ մասը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից են, սակայն ներկայացված են նաև բանկային հատվածը և մեկ ավիաընկերություն։
Միաժամանակ, Անահիտի խոսքով, ժամը 14:00-ի դրությամբ միջոցառմանն այցելել էր շուրջ 1900 դիմորդ: Մասնակիցների մոտ 30%-ը տեղացիներ են, մյուսները` ռելոկանտներ: Ինչ վերաբերում է կազմակերպություններին, ապա դրանք բոլորը տեղական են, ընդ որում` նրանցից 7-8-ը վերջերս են տեղափոխվել Հայաստան։
«Ամեն ինչ սկսվեց Հայաստան ռուսների ռելոկացիայի առաջին ալիքից, երբ մեր երկիր ժամանեցին մեծ թվով tech մասնագետներ։ Առաջին ցուցահանդեսը մենք կազմակերպեցինք արդեն մարտին։ Այն ավելի շատ տեղեկատվական բնույթ էր կրում, որպեսզի ռելոկանտները ծանոթանան հայկական tech ոլորտին, ինչպես նաև իմանան, թե ինչպես կարելի է ընկերություն գրանցել, հաշիվ բացել բանկում և այլն»,-պատմեց նա։
Առաջին ցուցահանդեսից հետո կազմակերպիչները հասկացան, որ անհրաժեշտ է գործատուներին կապել աշխատանք փնտրողների հետ։
Աշխատանքի JobHub տոնավաճառը
© Photo : provided by Armenian Code Academy
«Մենք ցանկանում էինք, որ ռելոկանտները Հայաստանին որպես տարանցիկ գոտու չնայեն։ Բանն այն է, որ երկրի շատ ընկերություններ մասնագետների կարիք ունեին, ոմանք տարիներով էին փնտրում նրանց»,-հավելեց Անահիտը։
Աշխատանքի երկրորդ տոնավաճառը կազմակերպվել էր մայիսին, իսկ այսօրվանը պայմանավորված էր ռելոկացիայի երրորդ ալիքով։
Armenian Code Academy-ի գործադիր տնօրենի խոսքով` յուրաքանչյուր ցուցահանդեսից հետո հարցում է անցկացվում գործատուների շրջանում` դրա արդյունավետությունը որոշելու համար։
«Այս առումով կարելի է ասել, որ էքսպոն բավականին արդյունավետ է։ Օրինակ` ընկերություններից մեկը դեռ առաջին ցուցահանդեսի ժամանակ կարողացավ թափուր տեղերի համար երեք մասնագետ գտնել։ ՏՏ ոլորտի համար դա շատ լավ ցուցանիշ է»,-նշեց նա։
Բացի այդ, գործարկվել է առցանց jobhub.am առցանց հարթակը` ռելոկանտներին ընկերությունների հետ կապելու համար: