Այս տարին Ամբերդ ամրոցի համար վերածնման, վերականգնման սկիզբ դարձավ։ Տասնամյակների ընդմիջումից հետո պեղումների արդյունքում Հայաստանի ամենահայտնի հուշարձաններից մեկն անակնկալներ մատուցեց հնագետներին՝ բացվեց դղյակի 4-րդ սենյակը, հողի շերտի տակից դուրս բերվեցին մեծ քանակությամբ խեցեղեն, սելջուկյան ժամանակների մետաղադրամ և այլն։
Արշավախմբի ղեկավար Արտավազդ Զաքյանը հիշեցնում է՝ Ամբերդում պեղումները սկսվել են դեռ 1936 թվականին, Հովսեփ Օրբելու գլխավորությամբ։ Հենց նրա օրոք էլ բացվել է, ըստ էության, այն հուշարձանը, որն այսօր գիտենք՝ պալատական հատված, բաղնիք, ջրամբարներ, մատուռ, եկեղեցի, կից շինություններ, պարիսպներ և այլն։ Դրանից հետո աշխատանքները երկար ժամանակով դադարեցվեցին․ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, այնուհետև ժամանակ էր պետք ծանր պատերազմից հետո երկիրը վերականգնելու համար։ 1963-ին աշխատանքները վերսկվեցին՝ նաև նպատակ ունենալով վերականգնել հուշարձանը։
Արտավազդ Զաքյան
© Sputnik / Aram Nersesyan
«Տարիներ առաջ, երբ «Ամբերդ» հուշարձանախումբը ստացավ արգելոցի կարգավիճակ, դրանից հետո անցում կատարվեց տոմսային տնտեսության, կառավարության կողմից խնդիր դրվեց նաև վերականգնել և ամրակայել հուշարձանը, հատկապես պալատական հատվածը։ Վերականգնման նախագիծը դեռ այդ ժամանակ արվել էր, սակայն որոշակի վերամշակումների և ճշգրտումների անհրաժեշտություն էր առաջացել»,- նշում է հնագետը։
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության միջոցներով այս տարվա սեպտեմբերի կեսերին հուշարձանի տարածքում մեկնարկեցին մաքրման աշխատանքներ. վերջերս ակտիվացել են քարաթափումները, ինչը վտանգ է ներկայացնում և՛ այցելուների, և՛ հուշարձանի պահպանության համար։
Տասնամյակներ առաջ կատարված պեղումների ժամանակ պատերի հիմքերը չէին գտնվել․ մասնագետների առաջ խնդիր էր դրված գտնել դրանք՝ պալատի ճարտարապետական կառուցվածքը, հետագայում կատարված ավելացումները, վերականգնման փուլերը և այլ հարցեր հասկանալու համար։
Ամբերդում բազմաթիվ խեցեղեն առարկաներ են հայտնաբերվել
© Sputnik / Aram Nersesyan
«Մեր կողմից հողային աշխատանքների, քարերի հեռացման ընթացքում բացվեցին այդ հիմքերը։ Բացվեց ևս մեկ սենյակ, որին նախկինում ուշադրություն չէր դարձվել կամ հնագետները չէին էլ տեսել։ Այդտեղից բավականին հետաքրքիր նյութեր դուրս եկան՝ խեցեղեն՝ ջնարակած և հասարակ, կարասներ... Սա հավանաբար տնտեսական հերթական սենյակն էր, որտեղ պահել էին գինի, յուղ կամ նմանատիպ որևէ բաներ։ Նախկինում պեղված հատվածներում էլ նոր բաներ գտանք, որոնք դեռ կոնսերվացրել ենք հաջորդ տարվա համար»,- նշում է հնագետը։
Նրա խոսքով՝ Ամբերդը թեպետ Հայաստանի ամենահայտնի ու ամենաայցելվող հուշարձաններից է, բայց դեռ շատ չբացահայտված կողմեր կան։ Մանրամասնում է՝ մենք գիտենք, օրինակ, պալատի արտաքին սահմանները, բայց ներքին հարդարանքի և կառուցվածքի, անգամ հարկայնության, տանիքի հետ կապված դեռևս բազմաթիվ հարցեր կան։ Գարնանը, երբ եղանակային պայմաններն ավելի բարենպաստ կդառնան, ամրակայման, վերականգնման աշխատանքներին զուգահեռ նաև հնագիտական խումբն է աշխատելու։ Հեշտ գործ չի սպասվում, պատճառներից մեկը հուշարձանի տեղադրությունն է։
Ամբերի ամրոցի հատվածներից
© Sputnik / Aram Nersesyan
«Պետք է առաջնահերթություն դիտարկել շուրջը թափված քարերը ճիշտ տեղում դնելը, այլ ոչ թե մեկ այլ քար բերելը։ Դա և պատմականությունն է պահելու, և տեսքը, շրջակայքն էլ ավելի մաքուր ու հարմար է դառնալու»։
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը նպատակ ունի, բառիս բուն իմաստով, վերակենդանացնելու հուշարձանը, ավելացնելու զբոսաշրջային գրավչությունը։ Մասնավորապես, ծրագրում են տարատեսակ միջոցառումներ կազմակերպել՝ դրանց օգնությամբ պատմելով դղյակի կյանքի, միջնադարյան կենցաղի, զվարճանքի, խաղերի մասին։
«Դեռևս Օրբելու օրոք հուշարձանի տարածքից պեղված մի թաղում ունենք, որտեղ անհատը ծամածռված և խեղված արտաքին է ունեցել, հայտնաբերվել են նաև գլխարկի որոշ մնացորդներ, գիտական շրջանակներում սա հայտնի է որպես «ծաղրածուի գերեզման»»։
Արտավազդ Զաքյանի խոսքով՝ այս տարի սեպտեմբերին նպատակադրված էին «Ամբերդի ծաղրածուն» փառատոն անցկացնել՝ միջնադարյան խաղերի ցուցադրմամբ և այլն, սակայն սահմանային իրավիճակով պայմանավորված՝ ծրագիրը չիրականացավ։ Հույս ունեն հաջորդ տարի անելու։
Վերականգնման նախագիծն արդեն պատրաստ է, հեղինակը ճարտարապետ Գևորգ Գյուլամիրյանն է։ Առաջնահերթ խնդիրը հուշարձանի պատմական տեսքով ամրակայումն ու պահպանումն է։ Իսկ թե քանի տարի հետո կավարտվեն Ամբերդ ամրոցի վերականգնման աշխատանքները, հնագետը դժվարանում է ասել։ Ի վերջո, դա ոչ միայն ֆինանսական հատկացումներից է կախված, այլև այն անակնկալներից, որ ամրոցը կմատուցի։