«Այբ» դպրոցի աշակերտների նախագծած սարքն ուղևորվել է տիեզերք։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է «Տիեզերք» ֆեյսբուքյան էջում։
Հնդկական SkyRoot Aerospace ընկերության Vikram-S հրթիռը իր հետ տարել է հայկական դրոշը կրող, հայ դպրոցականների կողմից նախագծված սարքը, որն այնտեղ մնացել է մի քանի րոպե ու մի շարք չափումներ է իրականացրել։
Տեղեկություններ են հավաքվել հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։
«Այս տեսանյութն էլ իր թվիթերում հրապարակել է SkyRoot Aerospace-ն, իսկ այն արվել է հենց հրթիռի վրա տեղադրված տեսախցիկով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Խոսքը 197 գրամանոց սարքի (payload) մասին է, որը տեղադրվել է ենթաուղեծրային հրթիռում։ Այն դուրս կգա բաց տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն` կհատի տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։
Նշենք, որ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի «Ad Astra» թիմը հաղթել է 2022 թ. Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթում, և աշակերտների նախագծած սարքը որպես մրցույթի հաղթող է ուղարկվում տիեզերք։