ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Բյուջետային աջակցության համատեղ ծրագրի շրջանակներում ստորագրվել են վարկային համաձայնագրեր ՀՀ–ի, Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի միջև։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և Զարգացման Ֆրանսիական գործակալության Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի բաժնի տնօրեն Սիրիլ Բելիեն
Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կնքվել է վարկային համաձայնագիր՝ 100 մլն եվրո արժողությամբ (տրամադրվելու է երկու մասնաբաժիններով), նույնքան էլ կազմել է ՀՀ–ի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագիրը:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն
Փաստաթղթերը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Զարգացման Ֆրանսիական գործակալության Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի բաժնի տնօրեն Սիրիլ Բելիեն և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
Ասիական զարգացման բանկի անունից համաձայնագիրը ստորագրել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հուիպինգ Հուանգը:
Բյուջետային ֆինանսավորման հիմնական նպատակներն են ամրապնդել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը և փողի ու կապիտալի շուկաների զարգացումը, մշակել կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակ և ներդնել հանրային ու մասնավոր ֆինանսավորման խթանմանն ուղղված գործիքներ՝ կլիմայական փոփոխությունների մեղմացման և հարմարեցման նպատակներն իրագործելու համար։