ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Շիրակի մարզում` Ջրաձոր գյուղի մոտակայքում, ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ է տուժել։ Տուժածներից երեքը երեխաներ են` 9, 7 և 3 տարեկան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է նոյեմբերի 17-ին` ժամը 22:47-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ամասիա-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մ ) և հայտնվել ձորակում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ Ա. Ս.-ն ( ծնված 1991 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1956 թ.) և Ա. Պ.-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ Ե. Ս.-ն (ծնված 2013 թ.), Ռ. Ս.-ն ( ծնված 2015 թ.), Հ. Ս.-ն ( ծնված 2019 թ.) «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: