ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Սևանա լճում հանգիստն ավելի անվտանգ կազմակերպելու համար ՀՀ ոստիկանությունը ջրային պարեկային ծառայություն կստեղծի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ պարեկային ծառայողների շարքերից ջրային պարեկներ են ընտրվելու, որոնք վերապատրաստվելու են, ձեռք են բերելու անհրաժեշտ գիտելիքներ՝ ջրային փոխադրամիջոցներ վարելու հմտությունից մինչև փրկարարական օգնություն:
Արդարդատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, պարեկային ծառայության և ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը ապագա պարեկներին ներկայացրել են ջրային պարեկ դառնալու կարգն ու նրանց գործառույթները։
«Ներկայում քննարկման փուլում է ջրային պարեկային ծառայության ներդրման հարցը, մշակվել է համապատասխան հայեցակարգ: Ջրային պարեկները հնարավորություն կունենան Սևանա լճի մակերևույթին իրականացնել համապատասխան ծառայություն»,- նշեց Արփինե Սարգսյանը:
Ըստ ծրագրի՝ 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արդեն Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայության կազմում կգործեն ջրային պարեկների խմբեր:
«Ծառայությունն իր մեջ ներառելու է որոշակի տարածություն լողալու հմտություններ, ջրի մեջ կանգնելու, մնալու և սուզվելու հմտություններ: Այդ բոլոր չափորոշիչներին համապատասխանելուց հետո կսկսվեն միջազգային ստանդարտներին համապատասխան վերապատրաստումներ»,-նշեց ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը:
Այսպիսով`սկզբնական փուլում ջրային պարեկային ծառայության առաջնային գործառույթներն են լինելու Սևանա լճում պարեկության իրականացումը, ձկնագողության դեմ պայքարը, ամռան ամիսներին հանգստացողների անվտանգության ապահովությունը։ Հետագայում նախատեսվում է ջրային պարեկային ծառայություն ներդնել նաև ջրային ռեսուրսներ ունեցող այլ տարածքներում:
Հավելենք, որ ծրագիրը մշակվել է արդարադատության նախարարության, ոստիկանության, Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ՄԱԿ-ի գործընկերների հետ։