Սաուդյան Արաբիայի հյուսիսում անապատը անձրևներից հետո «լճերի» է վերածվել. տեսանյութ

Սաուդյան Արաբիայի մի շարք շրջաններում կարկուտ է տեղացել։
Sputnik
Սաուդյան Արաբիայի հյուսիսում հորդառատ անձրևները անապատի հսկայական տարածքները «գետերի և լճերի» են վերածել։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի «Հաբր Աջիլ» պորտալը։
Պորտալը տեսագրություն է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են մեքենաները շարժվում անապատով անցնող երկար ավտոճանապարհով, իսկ ճանապարհի կողքին ջրածածկ հատվածներ են։
Սաուդյան Արաբիայի առանձին շրջաններում կարկուտ է տեղացել, ինչի պատճառով անապատային գետերում ջուրը խառնվել է սառույցի կտորների հետ։
Անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ աս Սաուդը հրամայել էր ամբողջ երկրի մզկիթներում անձրև խնդրելու հատուկ աղոթքներ անցկացնել. այդպիսի աղոթքներ պարբերաբար կատարվում են Պարսից ծոցի երկրներում` երկարատև երաշտի ժամանակ: