Ավտոմեքենաների մի մասը Ռուսաստան է հասնում Հայաստանի տարածքով․ փորձագետ

Արտյոմ Պետրոսյան
Փորձագետի խոսքով` հակառուսական պատժամիջոցների ֆոնին Չինաստանը էքսպանսիա է գործում դեպի Ռուսաստանի ավտոմոբիլային շուկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ավտոմեքենաների մի մասը Ռուսաստան է հասնում Հայաստանի տարածքով։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը։
Փորձագետը նշեց, որ «զուգահեռ ներմուծումն» այն երկրներից, որոնք հակառուսական պատժամիջոցներ են սահմանել, որոշակի չափով զսպում է չինական էքսպանսիան։ Այնուամենայնիվ, նույնիսկ «զուգահեռ ներմուծման» պայմաններում Ռուսաստանում չինական ավտոմոբիլային ապրանքանիշների ներկայացվածությունն աճել է մոտ 35-40%-ով:
Նրա խոսքով՝ Չինաստանը միակ երկիրն է, որը չի դադարեցրել իր ավտոմեքենաների արտադրությունը Ռուսաստանում։ Չինական ավտոարտադրողները ոչ միայն չեն հեռացել Ռուսաստանից, այլև ակտիվորեն գնում են հակառուսական պատժամիջոցների ֆոնին կանգ առած եվրոպական և ճապոնական մեքենաների արտադրության գործարանները, ինչպես նաև նոր ձեռնարկություններ են բացում։
Հայաստանը Ռուսաստան ավտոմեքենա արտահանողների քառյակում է
Փորձագետը նշեց, որ Ռուսաստանում գնորդները որակի վերաբերյալ որոշակի կասկածներ ունեն, սակայն մեծ հաշվով չինական մեքենաները դեռ այլընտրանք չունեն: Նա միաժամանակ ընդգծեց, որ չինական ավտոարտադրողները զգալիորեն բարելավել են որակը։ Փորձագետի խոսքով` դրանք այլևս այն «փխրուն» մեքենաները չեն, որոնք դեռ 10 տարի առաջ էին արտադրվում։
Պետրոսյանի կարծիքով՝ 2023 թվականին էական փոփոխություններ չեն սպասվում, Չինաստանը կշարունակի նվաճել ռուսական ավտոմոբիլային շուկան։