ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Վրաստան-Ռուսաստան լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի առաջիկայում։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն այս հայտարարությունն արեց «ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը. պետության և բիզնեսի հնարավորությունները" միջազգային համաժողովում, որն անցկացվում է Երևանում։
«Այժմ միջոցառումներ են անցկացվում մի քանի ուղղություններով։ Առաջինը Վրաստանի տարածքով լաստանավային հաղորդակցության գործարկումն է», - ասաց Իսպիրյանը։
Երկրորդ ուղղությունը «Վերին Լարս» անցակետի վերակառուցումն է։ Աշխատանքներ են տարվում սահմանային անցակետն ընդլայնելու ուղղությամբ։
Ինչ վերաբերում է լաստանավային հաղորդակցությանը, ապա այստեղ, փոխնախարարի խոսքով, բավական լուրջ առաջընթաց է գրանցվել։
«Ակնկալում ենք, որ լաստանավը կգործարկվի առաջիկայում»,– ընդգծեց նա։
Իսպիրյանի խոսքով` լաստանավի գործարկումը և՛ ժամանակը կկրճատի, և՛ փոխադրումների արժեքը։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Փոթի–Կովկաս երթուղով լաստանավային հաղորդակցությունը մինչ օրս չի գործարկվել, քանի որ վստահություն չկա դրա հուսալիության և կայունության նկատմամբ: