Մեծ ֆուտբոլ՝ տարեվերջին. Կատարում բացվող առաջնությունը ռեկորդային է սկանդալների առումով

Ֆուտբոլի աշխարհի առաջնության հետհաշվարկի ժամացույցը Կատարում
Եկեք անկեղծ լինենք։ Ինչ ասես տեսել էինք, բայց ֆուտբոլի աշխարհի առաջնություն նոյեմբերին ու դեկտեմբերին երբեք չէինք տեսել։
Sputnik
Ու երբ մի քանի տարի առաջ Ամանորի նախօրեին եղա Կատարի մայրաքաղաք Դոհայում, որտեղ շոգ էր նույնիսկ տարվա վերջին օրերին, անընդհատ մտածում էի՝ լավ, ինչո՞ւ ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիան ավելի քան տասը տարի առաջ որոշեց 2022 թվականի առաջնությունն անցկացնել հենց այս պստիկ պետությունում, ուրիշ երկիր չկա՞ր, որտեղ մարդ տապից չխեղդվեր և աստղերի խաղը սովորականի նման ըմբոշխներ ամռանը։
Սառը գարեջուր էլ չես կարողանա հետդ բերել մարզադաշտ, որովհետև խմելը թույլատրված է միայն հատուկ գոտիներում, որոնք փակվելու են հերթական խաղից երեք ժամ առաջ և բացվելու են միայն հանդիպումից մեկ ժամ հետո։ Էլ չեմ ասում, որ դեռ օդակայանում դուք կհիշեք կորոնավիրուսի համավարակի ամենավատ օրերը, երբ Կատար մտնելու համար ձեզնից պարտադիր թեստ կպահանջեն։
Իսկապես, ո՞վ էր այն մարդը, որն էսպիսի «լավություն» արեց ողջ ֆուտբոլային աշխարհին։ Դեռ մի քանի տարի առաջ մամուլը սկսեց տեղեկություններ տարածել այն մասին, որ այդ տղամարդը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին էր։
Իհարկե, մեծ փողերի մասին էր խոսվում, բայց այն ժամանակ շրջանառվող վարկածը գոնե զուտ ֆուտբոլային էր՝ Սարկոզին, ենթադրաբար, Կատարի իշխանություններին խոստացել էր ամեն ինչ անել, որ մունդիալն իրենց երկրում անցնի, եթե արաբները գնեն «Պարի-Սեն-Ժերմեն» ակումբը և հատուկ հեռուստաալիք բացեն Ֆրանսիայի առաջնության խաղերը ցուցադրելու համար։ Այդպես էլ եղավ։ Կատարի շեյխերը գնեցին այն ժամանակ ոչ եկամտաբեր «ՊՍԺ» ակումբը և հեռուստաալիք բացեցին, որն անմիջապես էլ գրեթե 100 միլիոն եվրո առաջարկեց Ֆրանսիայի առաջնության խաղերի հեռարձակման իրավունքի դիմաց։ Ահա, այսպես Կատարին բաժին հասավ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ասում էին հետաքննող լրագրողները։
Միայն օրերս հասկացանք, թե որքան միամիտ ենք մենք եղել, որ հավատացել ենք այս կոռուպցիոն, բայց գոնե ֆուտբոլի հետ անմիջական առնչություն ունեցող սցենարին։
Ռեկորդակիր վարչապետի վերադարձը. իսրայելցիները գերադասեցին Նեթանյահուին
Շատերն են հիմա գլուխ կոտրում, փորձելով հասկանալ, թե ինչը ստիպեց ՖԻՖԱ-ի նախկին շեֆ Յոզեֆ Բլատերին բացահայտել ողջ եղելությունը, որը նա ներկայացրել է շվեյցարական պարբերականներից մեկին տված հարցազրույցում։ Բոլոր դեպքերում իրականությունն, ըստ նրա, այսպիսին է։ 2010 թվականին, երբ որոշվում էր, թե որ երկրներում են անցկացվելու աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերը 2018 և 2022 թվականներին, ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի և ՈւԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինիի միջև արդեն համաձայնություն կար՝ որպես բարի կամքի արտահայտություն մի չեմպիոնատը կազմակերպել Ռուսաստանում, իսկ հաջորդը՝ Միացյալ Նահանգներում։
Հիմա արդեն նման մտադրությունը կարող է միայն հեգնական ժպիտ առաջացնել, բայց այն ժամանակ ո՞վ կարող էր կանխատեսել, որ Ուկրաինան կպահանջի նույնիսկ Իրանին չթողնել Կատար՝ Մոսկվային սատարելու համար։ Ռուսաստանի մասին չեմ էլ ասում։
Ինչևէ, 2010-ին ամեն ինչ փոխվեց, երբ Փարիզում հանդիպեցին այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզին և Կատարի թագաժառանգը։ Յոզեֆ Բլատերը պատմում է. «Ինձ զանգահարեց Միշել Պլատինին և տեղեկացրեց, որ իրեն հրավիրել են Ելիսեյան պալատ, որտեղ նախագահ Սարկոզին ասել է.
Թռիչքները դեպի Լուսին վերականգնվում են. կանայք էլ կկարողանան իրենց հետքը թողնել այնտեղ
«Խնդրում եմ, մտածե′ք, թե ինչ կարող ենք անել Կատարի համար, երբ քննարկվի 2022 թվականի աշխարհի առաջնության անցկացման վայրի ճակատագիրը»։ Ես հետաքրքրվեցի՝ և ի՞նչ։ Միշելը հարցիս հարցով պատասխանեց. «Իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե ձեր երկրի նախագահը ձեզ մի բան խնդրեր»։ Ես հասկացա, որ Պլատինին հետ է կանգնել մեր բոլոր պայմանավորվածություններից։ Եվ իսկապես ՝ քիչ հետո նրա կողմնակիցների չորս ձայների շնորհիվ 2022 թվականի առաջնությունը բաժին հասավ ոչ թե Միացյալ Նահանգներին, այլ Կատարին։ Վեց ամիս անց Կատարը Ֆրանսիայից կործանիչներ գնեց։ Գործարքի գումարն էր համարյա 15 միլիարդ դոլար։ Սա է իրողությունը», - փաստել է ՖԻՖԱ-ի նախկին ղեկավարը։
Լա′վ, եկեք վերանանք քաղաքականությունից, կոռուպցիայից և հսկայական փողերից։ Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս կավարտվի կիրակի օրը սկսվող ֆուտբոլային մեծ տոնը։ Կանադական BCA Research ընկերությունը՝ հզորագույն համակարգչի օգնությամբ վերլուծելով աշխարհի վերջին չորս առաջնությունների մոտ 200 խաղեր, կանխատեսում է՝ այս տարվա եզրափակիչում կհանդիպեն Արգենտինան և Պորտուգալիան։ Հանդիպումը կավարտվի 0։0, իսկ տասնմեկմետրանոցներով չեմպիոն կդառնա Արգենտինան։ Եթե դեմ եք, ասեք ձեր տարբերակը։