ՀՀ ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է տարվա լավագույն ուսուցիչներին

«Տարվա լավագույններ–2022» մրցույթին ընդհանուր առմամբ ներկայացվել է 185 հայտ, հաղթող է ճանաչվել 22 ծրագիր, որոնցում ընդգրկված է 33 մանկավարժ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. «Տարվա լավագույններ–2022» մրցույթում հաղթող ճանաչված ուսուցիչներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրեր և դրամական պարգևներ են հանձնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
«Տարվա լավագույններ–2022» մրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 185 հայտ. հաղթող է ճանաչվել 22 ծրագիր, որոնցում ընդգրկված է 33 մանկավարժ:
«Մենք գտնվում ենք զարգացման և բարեփոխումների ակտիվ փուլում: Ես ուզում եմ դիմել ձեզ խնդրանքով և կոչով՝ սիրելի՛ ուսուցիչներ, ձեր ցանկացած առաջարկ, որը կնպաստի բարեփոխումների գործընթացն առավել նպատակային և արդյունավետ դարձնելուն, մեզ համար չափազանց կարևոր է: Հավատացեք՝ մենք դրա կարիքն ունենք: Խնդրում եմ` ակտիվ եղեք և ձեր դրական օրինակը տարածեք դպրոցում, ձեր համայնքում ու քաղաքում»,- ասել է Դումանյանը:
«Տարվա լավագույններ» մրցույթի ընդհանուր պարգևատրման ֆոնդը կազմել է շուրջ 11 մլն դրամ, որը բաշխվել է բոլոր հաղթողների միջև:
Հաղթող ճանաչված 22 ծրագրային առաջարկից 11-ը եղել է անհատական, 11-ը՝ խմբային: Գնահատման համար սահմանված է եղել նվազագույն շեմ՝ հանրակրթական ուսհաստատությունների համար՝ սկսած 63%–ից, նախադպրոցական ուսհաստատությունների համար՝ 59 %-ից:
Պարգևատրման արարողություն ՀՀ ԿԳՄՍՆ–ում
Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, ինչպես նաև տարածել առաջավոր փորձը և նպաստել հասարակության մեջ ուսուցչի հեղինակության բարձրացմանը: