Որ մի դեպք լինի, բոլորը կասեն` ո՞ւր էր կառավարությունը. վթարային շենքերի նոր ծրագիր կա

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտնեց` պետք է ամեն ինչ արվի, որ քաղաքացիների իրավունքները լիարժեք պահպանվեն, նրանք նորակառույց շենքում բնակարան ստանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վթարային շենքերի խնդրի լուծման նոր ծրագիր. կառուցապատողները կներգրավվեն գործընթացում և առկա վթարային շենքերի տեղերում այլ շենքեր կկառուցվեն` ընթացքում լուծելով վարձակալության, այնուհետև բնակարան տրամադրելու հարցերը: Կառավարության նիստում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` նշելով, որ Երևանում չորրորդ կարգի 13 վթարային շենք կա։
«3-րդ կարգի վթարային շենքերի համար կանցնենք կոմպլեքս լուծմանը` թաղամասային տրամաբանությանը»,– ասաց Ավինյանը։
Երևանի Ամիրյան, Սարյան, Բուզանդի փողոցներով սահմանափակված տարածքը գերակա շահ կճանաչվի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտնեց` պետք է ամեն ինչ արվի, որ քաղաքացիների իրավունքները լիարժեք պահպանվեն, նրանք բնակարան ստանան նորակառույց շենքում։ Վարչապետի խոսքով` 4-րդ կարգի վթարային շենքերում մարդիկ են ապրում, ինչը մեծ սպառնալիք է բոլորի համար։

«Աստված չանի, մի դեպք լինի` բոլորը կասեն` ո՞ւր էր նայում կառավարությունը։ Մարդկանց իրավունքները պաշտպանելով` որոշակի հարկադրանքի մեխանիզմներ էլ պետք է ստեղծենք։ Այս հարցերը պետք է արագ լուծվեն. մարդկանց ապրելու իրավունքը լուծվե՞ց` շենքը ժամերի ընթացքում պիտի տեղում չլինի»,– ասաց նա։

Հավելենք, որ կառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 10 և 17 հասցեների շենքերը 4-րդ կարգի վթարային շենքերը գերակա շահ ճանաչելու նախագծին։ Այդ շենքերը կքանդվեն, տեղում նորերը կառուցվեն։
Հայաստանի բազմաբնակարան շենքերի 3.2%–ը տեխնիկական անբավարար վիճակում է. Ղուլարյան