Ուրախ եմ, որ հենց Թուրքիայում կարողացել եմ չեմպիոնի տիտղոսը նվաճել. Մարիամ Մկրտչյան

Մարիամ Մկրտչյան
Մարիամը պատմել է, որ շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկանից և խաղալ սովորել է դպրոցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը հայտնել է, թե ուրախ է, որ հենց Թուրքիայում կարողացել է չեմպիոնի տիտղոսը նվաճել։ Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների մրցաշարում չեմպիոնի տիտղոսը նվաճած շախմատիստին այսօր ընդունել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, տեղեկանում ենք նախարարության կայքից։
«Մինչև վերջին պահը չէի սպասում, որ հաղթող կճանաչվեմ»,–ասել է Մարիամը։
Վահրամ Դումանյանն ընդունել է շախմատիստ Մարիամ Մկրտչյանին
Նա պատմել է, որ շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկանից, խաղալ սովորել է դպրոցում. հենց այդ շրջանում շախմատը որպես առարկա ընդգրկվել էր դպրոցական ծրագրում: Նրա առաջին ուսուցիչն ու մարզիչը եղել է Սևակ Բաղդասարյանը` Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցի «Շախմատ» առարկան դասավանդող մասնագետը: Նա նաև Մարիամի մարզիչն է եղել:
Դումանյանը կարևորել է շախմատի, և առհասարակ սպորտի ոլորտում պետական հոգածությունը՝ ընդգծելով, որ աջակցությունը շարունակական կլինի, որպեսզի արդյունքներն ավելանան:
Վահրամ Դումանյանն ընդունել է շախմատիստ Մարիամ Մկրտչյանին
Նշենք, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Մարիամ Մկրտչյանը Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում մասնակցելու է միջազգային մրցաշարի, իսկ դեկտեմբերի 25-30-ը ՀՀ հավաքականի կազմում կմասնակցի բլից և արագ շախմատի մեծահասակների աշխարհի թիմային առաջնությանը, որը կանցկացվի Ղազախստանում:
Մարիամ Մկրտչյանն այս տարվա սեպտեմբերին նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։
Հիշեցնենք՝ Անթալիայում օրերս տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ էին նվաճել: