Նոյեմբերի 9-ին Պեմզաշենում տեղի ունեցած կնոջ և նրա երկու անչափահաս երեխաների գործով կալանավորված անձանցից մեկը խոստովանել է իր և իր բարեկամի կատարած հանցանքը, հայտնում է ոստիկանությունը։
32- ամյա տղամարդը խոստովանել է, որ նոյեմբերի 8-ին երեկոյան հանդիպել է իր ազգական, նույն գյուղի 41-ամյա բնակչին և հայտնել, որ փողի կարիք ունի։ 41-ամյա ազգականն ասել էր, որ ինքը մի տեղ գիտի, որտեղից կարելի է գումար վերցնել։ Նրանք երկուսով ուղևորվել են Զարինե Մելիքսեթյանի տուն։ Տան դուռը բաց է եղել, նրանք մտել են անարգել։
«Միջանցքում նրանց դիմաց դուրս էր եկել Զարինե Մելիքսեթյանը։ 41-ամյա տղամարդը բռունցքով հարվածել էր նրա գլխին, ինչի հետևանքով կինն անգիտակից ընկել էր միջանցքի հատակին։ Դրանից հետո 32-ամյա տղամարդը խոհանոցում դրված պայուսակում գումար էր փնտրել։ Չգտնելով՝ դուրս էր եկել տան բակ, վերցրել հակի թելեր, կրկին մտել ներս և դանակի մի քանի հարված հասցրել Զարինե Մելիքսեթյանին։ Դանակահարելուց հետո ննջարանից դուրս էին եկել երեխաները։ 32-ամյա տղամարդը կապել էր Զարինե Մելիքսեթյանի և նրա 12-ամյա դստեր ձեռքերը, իսկ 8-ամյա որդու ձեռքերն ու ոտքերը, ապա ձեռքերը կապված կնոջը տեղափոխել ննջարան»,– ասվում է տեսանյութում։
Այնուհետև հանցագործներից մեկը մոր աչքի առաջ դանակի 3 հարված է հասցրել 8-ամյա որդուն, որը տեղում մահացել է։ Դրանից հետո նա դանակի ևս մի քանի հարված է հասցրել ընկած կնոջը, որը նույնպես մահացել է։
Այս ամենից հետո արձակել է 12-ամյա աղջկա ձեռքերը, տեղափոխել տան միջանցք և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ։ Այնուհետև հարցրել է երեխային՝ ճանաչո՞ւմ է իրեն։ Ստանալով դրական պատասխան՝ դանակի երեք հարված է հասցրել նաև նրան ու սպանել։
Աղջնակի սպանությունից հետո Զարինե Մելիքսեթյանի պարանոցին նկատելով ոսկյա շղթա՝ հափշտակել է, ապա բանալիով դրսից կողպել տան դուռն ու հեռացել։
Նրա խոստովանության արդյունքում պարզվել է, որ 32-ամյա տղամարդը դեպքից ժամեր անց մեկնել է Երևան, որտեղ 32 000 դրամով վաճառել է հափշտակած ոսկյա շղթան։ Այդ գումարի մի մասը մայրաքաղաքում ծախսել է անձնական զվարճանքի համար, ինչից հետո վերադարձել էր Պեմզաշեն։
Մանրամասները` տեսանյութում։
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն)։ Ոստիկանությունը ձերբակալել էր պեմզաշենի երկու բնակչի։