ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց պաշտպան Բենիկ Գալստյանը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը, և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինեց 10 միլիոն դրամ գրավով»,–ասաց Գալստյանը։
Նա հայտնեց, որ շուտով Գերասիմն ազատության մեջ կլինի։
Գերասիմ Վարդանյանը 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար:
Հիշեցնենք, որ մինչ կալանքը Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 60 միլիոն ՀՀ դրամ գրավը։
Փաստաբանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` գրավի գումարը չեն վճարել, քանի որ այդքան գումար, բնականաբար, չունեն։
Վարդանյանը մայիսի 12-ին կալանավորվել էր։
Նշենք, որ դեռ օգոստոսին Վարդանյանին ազատ արձակելու համար երաշխավորությամբ հանդես էին եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Աննա Գրիգորյանը և Մաթևոս Ավետիսյանը։
Պաշտպանները, միաժամանակ, ներկայացրել էին 10 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդություն։
Դատարանը, սակայն, մերժել էր միջնորդությունն ու երաշխավորությունը։