ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում տնտեսական գործունեության որևէ արգելք և սահմանափակում չկա։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ուկրաինահայ մի խումբ գործարարների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, ինչպես նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը:
«Հայաստանում տնտեսական գործունեության որևէ արգելք և սահմանափակում չկա։ Սա նշանակում է, որ որևէ մեկին արգելված չէ որևէ բան արտահանել կամ ներմուծել, և, իհարկե, արգելքները կամ սահմանափակումները վերաբերում են միայն նրան, ինչը վերաբերվում է բոլորին: Հայաստանի պարագայում կան նաև լոգիստիկ որոշակի բարդություններ, բայց դժվարությունների հետ առերեսվում են բոլորը, և այստեղ այլընտրանքային մոտեցում ընդհանրապես չկա»,- ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ, ցավոք, կապիտալ ծախսերի ծրագրերը չեն կարողանում լիարժեք իրականացնել մի պարզ պատճառով՝ Հայաստանում մասնավոր հատվածի կարողություններն այնքան զարգացած չեն, որպեսզի նրանք կարողանան իրացնել այն ամբողջ պոտենցիալը, որ իրենք առաջարկում են:
«Խոսքը ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, պետական նշանակության այլ օբյեկտների կառուցման մասին է, և ես կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա»,–նշել է նա։
Փաշինյանի խոսքով` չնայած բարդ աշխարհաքաղաքական և միջազգային վիճակին, կան հնարավորություններ, այդ թվում՝ ներդրումային:
Նա հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու ամիս առաջ հրապարակված Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհում, ինչը նշանակում է, որ աշխարհի 165 երկրների շարքում ներդրումային և տնտեսական գործունեության ազատության առումով Հայաստանը 11-րդ հորիզոնականում է:
Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործում է Ներդրումների աջակցման կենտրոնը, որի հիմնական խնդիրը Հայաստանում ներդրումային հետաքրքրություն ցուցաբերող գործարարներին, տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերելն է:
Այնուհետև վարչապետը և կառավարության մյուս անդամները պատասխանել են գործարարներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին և այլ թեմաների:
Վարչապետը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է գործարարների հետ լինել մշտական կապի մեջ և կառավարության գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: