ԳՇ շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին ՔԿՀ–ից տեղափոխել են հիվանդանոց

Ստեփան Գալստյան
Թե ինչ խնդրի պատճառով է Գալստյանի ինքնազգացողությունը վատացել, փաստաբանը չհայտնեց. բժշկական գաղտնիք է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, որը գտնվում էր Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։
«Ստացիոնար բուժում է ստանում, իսկ թե ինչ խնդիր է նրա մոտ, դա բժշկական գաղտնիք է, իր համաձայնությունն էլ չունեմ, որ ասեմ։ Ներկա պահին իրեն վատ է զգում ու գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ»,– ասաց Մանուկյանը։
Փաստաբանը հայտնեց նաև, որ սեպտեմբերի 15-ին Հակակոռուպցիոն դատարանում նշանակված էր նիստ, որը նրա միջնորդությամբ հետաձգվել է պաշտպանյալի ինքնազգացողության պատճառով։
Հիշեցնենք` Ստեփան Գալստյանին մեղադրանք է առաջադրվել «հրթիռների գործով»։
2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Զինտեխնիկայի պահպանման ժամկետներ չեն եղել. Դավիթ Տոնոյանը քայլեր է նախաձեռնելու
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: