Որտեղից է արձակվել MH-17 ինքնաթիռը կործանած հրթիռը, և ով է մեղավոր. Հաագայի դատարանի վճիռը

Հաագայի դատարան
Այդ ժամանակ Ուկրաինայի հարավ-արևելքում մարտեր էին ընթանում Ուկրաինայի զինված ուժերի և Դոնեցկի աշխարհազորայինների միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. MH-17 չվերթի մալազիական Boeing ինքնաթիռը խոցվել է Պերվոմայսկի կողմից` զենիթահրթիռային «Բուկ» համակարգով։ Այս մասին հայտարարել է Հաագայի շրջանային դատարանի դատավորը` հրապարակելով 2014թ–ի ավիավթարի գործով վճիռը:
Նա նշել է, որ ինքնաթիռի կործանման գործում խոսքը ոչ միջազգային զինված հակամարտության մասին է Ուկրաինայում։
Հաագայի դատարանը հայտարարել է, որ «Բուկ» զենիթահրթիռային համալիրների անձնակազմի գործողությունները հնարավոր չի եղել հաստատել, նաև անհասկանալի է, թե ով է հրթիռ արձակելու մասին հրաման տվել։
Դատարանը նաև այս հանցագործությունը կատարելու համար ցմահ ազատազրկման է ենթարկել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինների նախկին ղեկավար Իգոր Գիրկինին (Ստրելկով) և նրա ենթականեր Սերգեյ Դուբինսկիին ու Լեոնիդ Խարչենկովին։ Եվս մեկ գործող անձի դատավորներն անմեղ են ճանաչել ու մերժել դատախազության պահանջը:
Դեռևս 2015-ին ռուսական «Ալմազ-Անտեյ» ընկերությունը լայնածավալ փորձարկում է արել, որի ընթացքում եկել է այն եզրակացության, որ «Բուկ» հրթիռն արձակվել է Զարոշչենսկու շրջանից, որտեղ այդ ժամանակ գտնվում էին Ուկրաինայի զինված ուժերը: Ընկերության հաշվարկները համընկել են նաև ռուսական ռադիոլոկացիոն կայանի տվյալների հետ։ Սակայն ռուսական կողմի փաստարկները դատարանը հաշվի չի առել։
Միևնույն ժամանակ, Նիդեռլանդների անվտանգության խորհրդի և համատեղ քննչական խմբի տվյալներով, հրթիռի արձակումն իրականացվել է Պերվոմայսկիից, որը գտնվում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի վերահսկողության տակ: Հաագայի դատարանը հենց այս վարկածն է հաշվի առել։
Malaysia Airlines-ի օդանավը, որը Ամստերդամից Կուալա Լումպուր էր թռնում MH–17 չվերթով, կործանվել է Դոնբասի երկնքում 2014 թվականի հուլիսի 17-ին: Զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր 298 ուղևորները, աշխարհի 10 երկրներից։
Նշենք, որ այդ ժամանակ Ուկրաինայի հարավ-արևելքում մարտեր էին ընթանում Ուկրաինայի զինված ուժերի և Դոնեցկի աշխարհազորայինների միջև։