Դիլիջանի նախկին կարի ֆաբրիկայի տարածքում ստեղծվել է քաղաքի առաջին մասշտաբային սթրիթ արտը

Պատկերված կարմիր կծիկը կարի ֆաբրիկայի անցյալի, ներկայի և ապագայի սերունդների միջև կապի խորհրդանիշն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Դիլիջանի նախկին կարի ֆաբրիկայի տարածքում նկարիչներ Գարեգին Հարությունյանի և Հարություն Աղաբալյանի նախաձեռնությամբ ստեղծվել է քաղաքի առաջին ծավալուն սթրիթ արտը կամ մուրալը (Մոնումենտալ գեղանկարչությունը կամ որմնանկարը մոնումենտալ արվեստի տեսակ է, նկարչություն ճարտարապետական տարբեր օբյեկտների վրա,-խմբ.)` ի նշան հարգանքի այն մարդկանց, որոնք երկար տարիներ աշխատել են կարի արտադրությունում: Տեղեկությունը հրապարակված է ֆաբրիկայի ֆեյսբուքյան էջում։
Դիլիջանի սթրիթ արտը
Նշվում է, որ մուրալում պատկերված կարմիր կծիկը ցույց է տալիս ժամանակների կապը՝ խորհրդանշելով տվյալ տարածքն ապրեցնելու շարունակականության գաղափարը: Կարմիր կծիկը նաև կարի ֆաբրիկայի անցյալի, ներկայի և ապագա սերունդների միջև կապի խորհրդանիշն է:
«Մենք նպատակ չունեինք լուսանկարչական ճշգրտությամբ պատկերել աշխատակիցներին, այլ ընդհակառակը՝ կերպարների հագուստը կարող է թվալ ճոխ և հիշեցնել անցյալ դարաշրջանը: Իրականում մենք ցանկացել ենք շեշտել այն փաստը, որ կարի ֆաբրիկան աշխատողների համար եղել է ավելի քան պարզապես աշխատավայր» - նշում են նկարիչները:
Աշխատանքն իրականացնելու համար ընտրվել է կարի ֆաբրկայի հարևանությամբ գտնվող եռահարկ շենքի միակ հարթ հատվածը,, որն ունի ավելի քան 3500 մ² մակերես և կարող է դառնալ բազմաֆունկցիոնալ, ստեղծարար արդյունաբերության տարածք, որտեղ կլինեն արհեստանոցներ, գրադարան, ցուցասրահ, սրճարան, քովորքինգ, բիզնես ինկուբատոր, մեդիալաբ, հոսթել, հանգստի գոտիներ և այլն հագեցած ժամանակակից տեխնոլոգիական և նորարարական լուծումներով: Կարի ֆաբրիկայի հարակից տարածքները կդառնան կանաչ և հանգստի գոտիներ:
Գյումրիում ստեղծված գործերը կմասնակցեն Կալիֆոռնիայում կայանալիք ցուցահանդես-համաժողովին