ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Միջազգային Genotek գենետիկական լաբորատորիան Երևանում սկսել է իր աշխատանքը։ Այսուհետ Հայաստանում կիրականացվեն բնակչության շրջանում հազվագյուտ (օրֆան) հիվանդությունների ախտորոշման ամենաբարդ թեստերը, ինչպես նաև կլինեն հետազոտություններ գյուղատնտեսության ոլորտում:
Ինչպես լրագրողներին տված հարցազրույցում ասաց Genotek ընկերության տնօրեն Վալերի Իլյինսկին, Երևանում պարզապես լաբորատորիայի մասնաճյուղ չի բացվել, այլ ամբողջական կենտրոն, որտեղ կիրականացվեն ամենաբարդ գենետիկական հետազոտությունները՝ օգտագործելով Illumina-ի ժամանակակից սարքավորումները:
Genotek ընկերությունը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում գործում է արդեն 12 տարի։ Երևանում լաբորատորիա բացելու գաղափարն առաջացել է մոտ մեկ տարի առաջ։
«Այստեղ կիրականացվեն ամենաարդիական բժշկական հետազոտությունները, որոնք հնարավորություն կտան հայտնաբերել օրֆան հիվանդությունները, հետազոտություններ կատարել գյուղատնտեսության ոլորտում, ստանալ նոր տեսակներ»,- ասաց Իլյինսկին։
Genotek ընկերության տնօրեն Վալերի Իլյինսկի
© Sputnik / Asatur Yesayants
Նրա խոսքով՝ լաբորատորիան հագեցած է սարքերով, որոնք թույլ են տալիս բացահայտել մարդու ողջ գենոֆոնդը։ Նա նշեց, որ Հայաստանում մինչ այժմ նման սարքեր չեն եղել։
«Նոր սորտերի, ցեղատեսակների ստացման դասական ցիկլը տևում է մոտ 10-12 տարի: Եթե գենոմային սելեկցիայի համար օգտագործվեն նոր տեխնոլոգիաներ, ապա ցիկլը կարող է կրճատվել մինչև 2-3 տարի», - ասաց Իլյինսկին:
Բույսերի և կենդանիների գենոմային սելեկցիան կօգնի խուսափել վտանգավոր քիմիական նյութերի, հորմոնների և ԳՄՕ-ների օգտագործման անհրաժեշտությունից:
Նրա խոսքով` ընկերությունը շահագրգռված է, որպեսզի գենետիկական հետազոտությունները հնարավորինս հասանելի լինեն նաև քաղաքացիների համար։
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն իր հերթին նշել է, որ լաբորատորիայի բացումը կնպաստի բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացմանը։
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյան
© Sputnik / Asatur Yesayants
Նրա խոսքով` լաբորատոր ծառայություններն օգտակար կլինեն Հայաստանի գյուղատնտեսության համար։ Փոխնախարարը հիշեցրել է, որ Հայաստանում անասնապահությունն ապահովում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելի քան 50%-ը։
«Նման լաբորատորիաների առկայությունը չափազանց կարևոր է, քանի որ դրանք թույլ են տալիս բացահայտել դիմացկուն սորտերը, ստեղծել նոր սորտեր»,- ասաց Խոջոյանը։
Նրա խոսքով` բոլոր զարգացած երկրներում մեծ ուշադրություն է դարձվում վաղ փուլերում գենային ներուժի հայտնաբերմանը։ Գենետիկական հետազոտությունները կարևոր դեր են խաղում ձկնաբուծության և մեղվաբուծության մեջ: Հայաստանի դեպքում թույլ կտան պահպանել էնդեմիկ ձկնատեսակները։
Genotek-ը բարձր տեխնոլոգիական բժշկական ընկերություն է, որը հաճախորդներին տրամադրում է գենետիկ տեղեկատվություն, բարելավում նրանց կյանքի որակը: Ընկերությունը ծառայություններ է մատուցում բժշկական գենետիկայի ոլորտում։ ԴՆԹ-ի ուսումնասիրությունների տվյալները թույլ են տալիս ախտորոշել հիվանդություններ, բացհայտել այս կամ այն հիվանդության հանդեպ գենետիկ հակվածությունը: