ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: Այցը մեկնարկել է Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմամբ:
Տեղեկությունը հայտում են ԱԺ-ի լրատվական ծառայությունից։
ՀՀ ԱԺ նախագահը բացման խոսքում մասնավորապես նշել է, որ միջպետական հարաբերությունների երեսուն տարիների ամբողջ ընթացքում գրանցվել են մեծ հաջողություններ, սակայն իրականում երկու ժողովուրդների խոսուն և հարուստ մշակութային կապերի թողած հետքը հսկայական է և անչափելի:
Տոնական միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Շնորհավորելով հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ` նա նշել է, որ այդ 30 տարիների ամեն րոպեն ու վայրկյանը երկու ժողովուրդների կապերն ավելի են սերտացրել, դիվանագիտական հարաբերություններն առավել ամուր հիմքերի վրա են դրվել:
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանն անդրադարձել է երկու ժողովուրդների սերտ կապերին և միջպետական դինամիկ զարգացող հարաբերություններին:
Միջոցառմանը հնչել են Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի կատարումները:
Հավելենք, որ հայկական պատվիրակության կազմում են նաև Էդուարդ Աղաջանյանը, Սիսակ Գաբրիելյանը, Լենա Նազարյանը, Հակոբ Ասլանյանը, Սարգիս Խանդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը և ԱԺ աշխատակիցներ։