Ամերիկյան ազդեցիկ Politico պարբերականը որոշակի հուզմունք է նկատել Կիևի ռեժիմի վերին էշելոններում։ Ուկրաինացի գործիչներին բացահայտ վախեցրել են գեներալ Մարկ Միլիի մի քանի արտահայտությունները, որը շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահն է և, փաստացի, ԱՄՆ-ում ամենաբարձրաստիճան զինվորականը։
Վիկտորյա Նիկիֆորովա
Ելույթ ունենալով Նյու Յորքի տնտեսական ակումբի նիստում, Միլին նշել է, որ Ուկրաինան ռազմական ճանապարհով հաղթանակի, ամենայն հավանականությամբ, չի հասնի, իսկ ձմեռը կարող է հարմար ժամանակ դառնալ Ռուսաստանի հետ բանակցությունների համար:
Politico-ի լրագրողներն այս թեմայով հարցուփորձ են արել Պետդեպարտամենտում և Պաշտպանության նախարարությունում իրենց աղբյուրներին, և վերջիններս, անանուն մնալու պայմանով, շատ հետաքրքիր բաներ են պատմել: Բեն Հոջեսի տիպի «բազեներ», որոնք պնդում են, թե Ուկրաինայի ԶՈւ-ն ուր որ է` կգրավի Մելիտոպոլը և Մարիուպոլը, իսկ ձմռանը կհարձակվի Ղրիմի վրա, ամերիկյան վերնախավում գրեթե չեն մնացել:
Առավել ևս, պետք է հասկանալ, որ Ղրիմը Հոջեսի համար անձնական հոգեբանական հարված է։ 2014-ի գարնանը նա ղեկավարում էր ՆԱՏՕ-ի դաշնակիցների ցամաքային հրամանատարությունը և «հաջողացրել է» բաց թողնել Ղրիմը Ռուսաստանին վերադարձնելու ամբողջ գործողությունը: Դա լեգենդար ձախողում էր: Պաշտոնաթող լինելուց հետո գեներալը մի քիչ կախվածություն է ձեռք բերել «Ղրիմն ո՞ւմն է» հարցից։ Հիմա նա Ուկրաինային կոչ է անեւմ օգտվել պահից, հարձակման անցնել և, այսպես ասած, սեղմել գազին։
Բայց այդպիսի երազանքները թույլատրելի են պաշտոնաթող զինվորականի համար, որը փորձում է շարունակել կռվել տանուլ տված պատերազմներում։ Գործող ամերիկացի զինվորականները Ուկրաինայից ոչ մի հաղթանակ չեն ակնկալում։
ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները Politico-ին պարզաբանել են, որ Ուկրաինայի զինված ուժերի համար չափազանց դժվար կլինի ճեղքել այն պաշտպանությունը, որն այժմ կառուցում են ռուսական զորքերը: Եվ Խերսոնից մեր հեռանալը ուկրաինական բանակին ոչնչով չի օգնի։ Ամերիկացի զինվորականները կարծում են, որ Դնեպրի մյուս ափը գրոհելու փորձը չափազանց բարդ մանևր է Ուկրաինայի ԶՈւ-ի համար։ Այն հսկայական զոհեր կպահանջի և փաստ չէ, որ հաջողությամբ կավարտվի։
«Ինչո՞ւ չսկսել խոսել այդ մասին (խաղաղ բանակցությունների)` ևս 100 հազար կյանք այդ անդունդը նետելու փոխարեն»,-հարց է բարձրացնում Politico-ի աղբյուրը ամերիկյան վարչակազմից։
Լրագրողները խոստովանում են, որ Բայդենի վարչակազմն այսօր ստիպված է լինում ամենատարբեր հնարքների դիմել, որպեսզի Կիևի մոտ տպավորություն չստեղծվի, թե իրեն «ցրում են»: Որովհետև այդ ժամանակ ամբողջ աշխարհը կտեսնի, թե ինչ արժեն Սպիտակ տան բոլոր երաշխիքները և թե որքան վտանգավոր է նրա հետ գործ ունենալը։ Առայժմ Կիևի ռեժիմի ներկայացուցիչներին խոստանում են և այս, և այն, սակայն Վաշինգտոնում ակնհայտորեն, կոնսենսուս է ձևավորվում, որ խնամյալներին պետք է Ռուսաստանի հետ բանակցությունների դրդել։
Ջեյք Սալիվանը հատուկ գնաց Կիև, որպեսզի Զելենսկուց պահանջի «ավելի իրատես լինել» իր պահանջներում։ Դա արդեն հայտնի ամերիկյան բանաձևն է, որով նշում են Կիևի համար տարածքներից հրաժարվելու անհրաժեշտությունը։
Հետաքրքիր է, թե ինչ կանեն ուկրաինացի զինվորականները, երբ իրենց նախագահին, այնուամենայնիվ, բանակցությունների սեղանի մոտ նստեցնեն։ Հեղաշրջում են անելո՞ւ։ Ընդամենը փնթնփթալու են խոհանոցում օղու շշի մո՞տ։ Ուղղակի հետաքրքիր է, թե ինչ են պատրաստվում անել: Դա մի տեսակ վիրավորական արդյունք է ՈւԶՈւ-ի համար: Ամենայն հավանականությամբ, նրանք այլ բան էին երազում։ Եվ հետո, տեղնուտեղը ամբողջ հասակով կհառնի պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության հարցը։ Մենք հո տեսել ենք այդ ամբողջ սարսափը խաղաղ բնակիչների գնդակահարություններով, որոնք ՈւԶՈւ-ի զինվորականները կազմակերպում էին այն բոլոր քաղաքներում, ուր վերադառնում էին։ Դրա համար հարկ կլինի պատասխան տալ։
Կիևյան ռեժիմի առաջնորդը G20-ի պետությունների Բալիում հավաքված առաջնորդներին կոչ է արել «Ուկրաինային չխնդրել կոմպրոմիսի գնալ»: Վախենամ պարոն Զելենսկին այնքան էլ չի հասկանում պահի սրությունը։ Իրականում նրան ոչ ոք ոչինչ չի խնդրում։ Տերերը պարզապես իրենց շրջանակում քննարկում են, թե նրան և երբ ինչպես օգտագործեն Ռուսաստանի հետ բանակցություններում։ Երբ պայմանավորվեն, ամեն ինչ կանեն այնպես, ինչպես կուզեն, Զելենսկուն չեն հարցնի։
Որովհետև ամերիկյան իսթեբլիշմենթը հասկացել է, որ Ուկրաինայի հետ վերջ։ Առավել ևս, որ ներկայացուցիչների պալատը գրաված հանրապետականները պահանջում են այդ երկրին այլևս ոչ մի լումա չտալ։
«Ուկրաինացի պաշտոնյաները «Լամբորջինի»-ներ և Շվեյցարիայում տներ են գնում»,-դեռ մի քանի ամիս առաջ Fox News-ի եթերում վրդովում էր հայտնի քաղակտիվիստ Քենդիս Օուենսը,-«Ուկրաինան փող լվանալու լվացքատուն է»:
Հասկանալի է, որ Զելենսկին ոչ մի բանակցություն չի ուզում։ Նրա արևմտյան տերերի համար դա նրան լքելու, ուկրաինական թեմայից դուրս գալու հիանալի առիթ է։ Ուկրաինայի վրա թափվող ոսկե անձրևը կտրուկ կչորանա։ Կմնա ավերված երկիրը՝ ամբողջովին թալանված գանձարանով։ Ո՞վ է վերականգնելու այն, ո՞ւմ հաշվին է լինելու բանկետը։
Արդեն հիմա հանրապետականները Եվրոպային ակնարկում են՝ ժամանակն է, որ ինքը սկսի պահել Ուկրաինային։ Եվրոպացիները համառում են։ Առևտուրը կարող է ձգձգվել։
Եվ այդ ժամանակ պարոն Զելենսկին դեմ առ դեմ կմնա իր ջանքերով սնանկացած ժողովրդի հետ, որին չի կարողանա ոչ աշխատավարձ վճարել, ոչ թոշակ, ոչինչ։ Դա, իհարկե, գարշելի հեռանկար է: Եվ հետո, նրանից կարող են պատասխան պահանջել ուկրաինացի զինվորականները, որոնք խորապես զզվում են բանակցությունների հետ կապված ցանկացած թեմայից։
Մեզ մոտ ևս բանակցությունների թեման պայթյունավտանգ է դառնում։ Մարդիկ վախենում են նոր Խասավյուրտից, ամեն ինչում «դավաճանություն, վախկոտություն և խաբեություն» են տեսնում։ Ինձ թվում է, որ մարդկանց մեծ մասը պարզապես անկեղծորեն խուճապի է մատնվում: Սթրեսի մեջ գտնվող անձը միայն մեկ խնդիր է ընկալում, այն նրա աչքում խոշորանում է՝ ցավոտ չափերի հասնելով։ Հենց այդպես են մեզնից շատերն այսօր ընկալում Ուկրաինան։
Բայց չէ՞ որ վաղուց բոլորին հասկանալի է, որ դժբախտ Ուկրաինան ընդամենը մեկն է այն ճակատներից, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն բացել են Ռուսաստանի դեմ։ Ի դեպ՝ ՌԴ-ն աշխարհի ամենամեծ պետական սահմանն ունի՝ ավելի քան 60 հազար կիլոմետր։
Ինչո՞վ ենք մենք պայքարելու այլ հատվածներում, եթե մեր ամբողջ ունեցածը Ուկրաինա նետենք։ Ո՞վ է կռվելու, եթե ևս մեկ մոբիլիզացիա անենք։
Արևմուտքին Ուկրաինան պետք չէ. նա ծամեց ու թքեց նրան։ Արևմուտքին պետք է Ռուսաստանը, որպեսզի կործանի այն, թուլացնի, բաժանի և ոչնչացնի։ Սա տհաճ ճշմարտություն է, բայց միայն այն կօգնի մեզ ազատվել ուռա-հայրենասիրությունից, որն այդքան հեշտությամբ է վերածվում ախ-հայրենասիրության:
Այս մասշտաբային դիմակայության մեջ մենք առաջին հերթին պետք է ինքներս կանգուն մնանք փրկենք մեր տնտեսությունը, դուրս քաշենք մեր ժողովրդին, նախանձելի կյանք ապահովենք նրանց համար։ Մեր առջև եզակի խնդիր է դրված. հաղթել Արևմուտքին՝ չվճարելով այն սարսափելի գինը, որը պահանջեց Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը։
Դրան պետք է հասնել բոլոր միջոցներով՝ թե ռազմական, թե քաղաքական, թե դիվանագիտական, թե տեղեկատվական։ Օգտագործել տնտեսական լծակները, դա մեզ լավ է հաջողվում։ Իսկ երբ պահը պահանջի՝ նաև բանակցությունների գնալ հասկանալով, որ դա ամենևին էլ խաղաղություն չէ, այլ բարդ ժամանակակից պատերազմի փուլերից մեկը։ Եվ դրանցում պետք է հակառակորդին հաղթել ճիշտ այնպես, ինչպես այսօր մեր մարտիկները հաղթում են Պավլովկայում: