«Յուքոմի» գրասենյակի վրա ավազակային հարձակում կատարած տղամարդը ձերբակալվել է

Նա ապօրինի մուտք է գործել գրասենյակ, այնուհետև սպառնալիքներ հնչեցնելով ՝ բջջային հեռախոսների համար նախատեսված ցուցատախտակի վրայից բացահայտ հափշտակել է երկու հատ բջջային հեռախոս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 15-ին` ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը եկել է Երևան քաղաքի Խուդյակով փողոցում գործող՝ «Յուքոմ» ՓԲ ընկերության գրասենյակ և սկսել ձեռքերով հրել դուռը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Աշխատակցուհին ներսից ձեռքերով բացատրել է, որ աշխատանքային ժամն ավարտվել է և գրասենյակը փակ է, սակայն 39-ամյա տղամարդը, ոտքերով և ձեռքերով հարվածելով, կոտրել է մուտքի դռան ապակին, ապօրինի մուտք գործել հիշյալ գրասենյակ, այնուհետև սպառնալիքներ հնչեցնելով ՝ բջջային հեռախոսների համար նախատեսված ցուցատախտակի վրայից բացահայտ հափշտակել է երկու հատ բջջային հեռախոս և աշխատակցուհուն հրելով՝ ցանկացել է դուրս գալ:

Գրասենյակում գտնվող հաճախորդի գործողությունների արդյունքում հիշյալ անձը չի կարողացել հափշտակել բջջային հեռախոսները և դրանք նետել է սրահում։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցանքի գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք։
39-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակություն) հատկանիշներով նախատեսված հանցավոր արարքը կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: