ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Լեհաստանի տարածք հրթիռի ընկնելը շարունակում է միջազգային տեղեկատվական դաշտի հիմնական թեմաներից մեկը մնալ։ Աշխարհի առաջատար երկրները նախօրեին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ զսպվածության և էսկալացիա թույլ չտալու կոչ են անում։
Մասնավորապես, Չինաստանի ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել պահպանել ինքնատիրապետումը հրթիռի ընկնելու մասին հաղորդագրությունների ֆոնին։
Այսօր կայացած ճեպազրույցում ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը հայտարարել է, որ Պեկինում ծանոթացել են համապատասխան հաղորդագրություններին:
«Ստեղծված իրավիճակում բոլոր համապատասխան կողմերը պետք է հանգստություն պահպանեն և զսպվածություն ցուցաբերեն՝ իրավիճակի սրացումից խուսափելու համար»,-ասել է դիվանագետը։
Իսկ ամերիկացի պաշտոնյաները անանուն մնալու պայմանով AP գործակալությանը հայտնել են, որ հրթիռը արձակվել է ուկրաինական զորքերի կողմից՝ ռուսական հրթիռը խոցելու նպատակով։
Պենտագոնը կոչ է արել առանց փաստերի շահարկումներ չանել, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կասկած է հայտնել, թե հրթիռը Ռուսաստանի կողմից է արձակվել։
«Ես չեմ ուզում ասել մինչև հետաքննության ամբողջական ավարտը, բայց քիչ հավանական է, հետագծի իմաստով, որ այն Ռուսաստանից արձակված լինի։ Բայց կտեսնենք», - հայտարարել է նա։
Մոսկվայի՝ դեպքի հետ կապ չունենալու մասին ասել է նաև Էրդողանը նշելով, որ «հարգանք է ցուցաբերում և հավատում է» ՌԴ-ի դիրքորոշմանը։ Նրա կարծիքով, միջադեպը կարող էր տեխնիկական սխալ լինել:
«Մեզ համար կարևոր է, որ Ռուսաստանն ասել է. «Մենք այստեղ կապ չունենք»: Բացի այդ, (Գերմանիայի կանցլեր) Շոլցը մեր առավոտյան հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պետք է մանրամասն հետաքննել այդ միջադեպը։ Կարևոր է նաև, որ Բայդենը հերքել է հրթիռի պատկանելությունը ՌԴ-ին»,-հայտարարել Է Էրդողանը G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Բուն Լեհաստանում հատուկ ծառայությունները բարձր պատրաստվածության են բերել և դաշնակիցների հետ միասին ուժեղացրել են օդային տարածքի մշտադիտարկումը։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ Վարշավան միաժամանակ միջազգային փորձագետների է հրավիրել` կատարվածի պատճառները հետաքննելու և պարզելու համար: Իսկ երկրի գլխավոր շտաբը հայտարարել է, որ որևէ ՀՕՊ համակարգ չի կարող պաշտպանել երկրի ամբողջ տարածքը։
Այդ ֆոնին ՆԱՏՕ-ն այսօր արտակարգ նիստ կանցկացնի Բրյուսելում։ Այն նախաձեռնել է Լեհաստանը` հիմնական պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն։
Լեհական ԶԼՄ-ները նոյեմբերի 15-ին հայտնել էին, որ երկրի տարածքում ռուսական հրթիռներ ընկնելու հետևանքով երկու մարդ Է զոհվել: Տեղի ունեցածի պաշտոնական վարկած դեռ չկա։ ՌԴ ՊՆ-ն տեղի ունեցածն անվանել է սադրանք` հետագա էսկալացիայի նպատակով: