ԲՏԱ նախարարությունը ՏՏ ոլորտում առկա խնդրին լուծում տալու համար նոր նախագիծ է պատրաստել

Ռոբերտ Խաչատրյան
Ներկայում նախագիծը դեռևս շրջանառվում է գերատեսչությունների միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՏՏ ոլորտում արտարժույթի արժեզրկման հետևանքով առաջացած խնդիրների լուծում տալու համար նոր նախագիծ է պատրաստել։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուխատասխանի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
«Այդ հարցը մեր ուշադրության ներքո է։ Այս պահին մենք նոր նախագիծ ենք պատրաստել` շրջանառել ենք գերատեսչությունների միջև։ Այդ նախագծով որոշակի բարեփոխումներ ենք առաջարկում գործող օրենքին` մեծացնում ենք շահառուների թիվը։ Այսինքն, բացի ՏՏ ոլորտից, նաև բարձր տեխնոլոգիական ոլորտի վրա ենք ցանկանում տարածել նոր օրենքը։ Առաջարկում ենք ընկերությունների աշխատակիցների թվաքականի փոփոխություն»,– նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով` մինչև տարվա վերջ կկարողանան ամփոփել բոլոր կարծքիներն ու ըստ ընթացակարգի կներկայացնեն նախագիծը։
Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի մասնագետները բողոքում են ապրիլից։ Սեպտեմբերի 12-ին էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման դրեց նոր նախագիծ («Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ. խմբ.), որով նախատեսվում է սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսների եկամտահարկի վերադարձ։ Սրանով կարող է փոխհատուցվել կրած վնասների առավելագույնը 1/3-րդ մասը։
Նշենք, որ արտարժույթը սկսեց արժեզրկվել փետրվարի 24-ից` Ուկրաինայում ՌԴ–ի հատուկ գործողությունից հետո։ Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների` դոլարի փոխարժեքն այդ ժամանակ առավելագույնը 483 դրամ էր։ Հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին դոլարի փոխարժեքը հասավ 395 դրամի։