ԱԺ–ն ընդունեց փողերի լվացման ոլորտում ԵԱՏՄ երկրների գործակցության համաձայնագրի նախագիծը

Համաձայնագիրը սահմանում է տեղեկությունների հարցման կարգը, պահանջները, հարցումը մերժելու հիմքերը։ Այլ պետությունից ստացված տեղեկատվությունը համարվում է գաղտնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց փողերի լվացման դեմ պայքարում ԵԱՏՄ պետությունների հետ համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
Որոշմանը կողմ քվեարկեց 70 պատգամավոր, 1-ը դեմ էր, 19-ը` ձեռնպահ։
Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտին բարձրացնում է ՀՀ դերը որպես տարանցիկ երկիր. Ռուսակով
Նշենք, որ «ԵԱՏՄ մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի նպատակն է նպաստել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ԵԱՏՄ պետությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը։
Երեկ` քննարկման ժամանակ, ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտնել էր, որ համաձայնագիրը սահմանում է տեղեկությունների հարցման կարգը, պահանջները, հարցումը մերժելու հիմքերը։
Այլ պետությունից ստացված տեղեկատվությունը համարվում է գաղտնի։
Երիցյանը հայտնել էր, որ տեղեկությունների ստացման և տրամադրման համար յուրաքանչյուր երկրում մարմին կստեղծվի։ Հայաստանում այդ աշխատանքները կհամակարգի ՊԵԿ–ը։
Ի դեպ` համաձայնագիրը ստորագրվել է 2021-ի հուլիսի 20-ին։