ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինան «Տրանսնեֆտին» տեղեկացրել է, որ դադարեցրել է «Բարեկամություն» նավթամուղի հարավային ճյուղով նավթ մղել դեպի Հունգարիա: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Տրանսնեֆտի» նախագահի մամուլի քարտուղար, խորհրդական Իգոր Դեմինը:
«Ուկրաինական կողմը մեզ տեղեկացրել է, որ լարման անկման պատճառով դադարեցրել է նավթ մղել Ֆենեշլիտկեի (Հունգարիա. խմբ.) ուղղությամբ»,- ասել է «Տրանսնեֆտի» ներկայացուցիչը:
Հունգարիայի կառավարության մամուլի քարտուղար Զոլտան Կովչագն էլ հայտնել է, որ վարչապետ Վիկտոր Օրբանն այդ կապակցությամբ անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։
«Բարեկամություն» նավթամուղը սկիզբ է առնում Սամարայի շրջանում, անցնում է Բրյանսկով և այնուհետև ճյուղավորվում երկու հատվածի՝ հյուսիսային (Բելառուսի, Լեհաստանի, Գերմանիայի տարածքով) և հարավային (Ուկրաինայի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի տարածքով)։