ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Քաղաքական գործիչներ ունենք, որոնց զավակները, թոռները հատուկ ծնվում են արտերկրում, ստանում քաղաքացիություն և ազատվում են ՀՀ–ում զինվորական ծառայությունից: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նշենք, որ ՔՊ–ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը Պապիկյանին առաջարկեց վերանայել այն օրենքը, որի համաձայն` եթե օտարերկրյա մինչև 27 տարեկան երիտասարդը ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերում, ապա զորակոչման է ենթակա։ Սակայն, ըստ Թորոսյանի, օտարերկրյա այն քաղաքացին, որը ՀՀ–ում մշտական բնակություն չունի և ծառայել է օտար երկրի բանակում, ՀՀ–ում քաղաքացիություն ստանալու դեպքում չզորակոչվի։
«Այս հարցի հետ կապված քննարկումներ ունեցել ենք։ Սա արդիական խնդիր է, սակայն ամեն ինչ այնքան պարզ չէ։ Ունենք քաղաքական գործիչներ, որոնց զավակները կամ թոռները հատուկ ծնվում են արտերկրում, որ քաղաքացիություն ստանան և ՀՀ–ում ծառայությունից ազատվեն։ Ես հասկանում եմ, որ խոսքը ջավախահայերի և այն հայերի մասին է, որոնք դրսում արդեն ծառայել են, սակայն այստեղ այլ խնդիրներ էլ կան ինչպես ասացի»,–նշեց Պապիկյանը։
Նրա խոսքով` այս հարցին ապագայում դեռ կանդրադառնան։