ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցի կարգավորման բոլոր խնդիրները Կիևի պատճառով են, որը հրաժարվում է բանակցություններից, նրա պայմաններն անադեկվատ և ոչ իրատեսական են։ Լավրովը այդ թեման քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ «G20»–ի շրջանակում կարճ զրույցի ընթացքում։
«Ես հիշեցրի, որ ամբողջ խնդիրը ուկրաինական կողմում է, որը կտրականապես հրաժարվում է որևէ բանակցություններից և առաջ քաշում պայմաններ, որոնք իսկզբանե այս իրավիճակում անիրատեսական են և անադեկվատ», – «G20» ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է Լավրովը լրագրողների հետ զրույցում։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, և բազմիցս նախագահի շուրթերով հաստատել է դա։
«Որքան երկար այն հրաժարվի, այդքան դժվար կլինի պայմանավորվելը», – հավելել է նախարարը։ Նա ասեկոսե անվանեց այն լուրերը, թե ԱՄՆ–ն Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ է նախապատրաստում։
Ավելի վաղ «Politico»–ն` հղում անելով ԱՄՆ-ի վարչակազմի անանուն ներկայացուցիչներին, գրել է, որ ԱՄՆ պետդեպը գաղտնի հիմք է նախապատրաստում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր խաղաղ բանակցությունների համար, սակայն միասնական տեսակետ Վաշինգտոնում այդ առիթով չկա։
Զելենսկու ելույթի մասին
Լավրովը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթից միայն մեկ եզրահանգում է արել` նա Արևմուտքի որևէ խորհուրդ դեռ չի լսում։
«Լավագույնս նրա խոսքն ու այդ մարդու վիճակը բնութագրում է նրա մի արտահայտություն։ Նա ասաց, որ 1944 թվականին Նորմանդիայում դաշնակիցների իջեցումը Համաշխարհային երկրորդ պատերազմում բեկումնային դարձավ։ Ինքներդ եզրակացություններ արեք», – ասել է նա։
Արևմուտքի ներգրավվածությունը
Լավրովը նշել է, որ ԵՄ–ն և ՆԱՏՕ–ն արդեն վաղուց հիբրիդային հակամարտության, Ուկրաինայում հիբրիդային պատերազմի հիբրիդային մասնակիցներ են` դա և՛ սպառազինության մատակարարումներն են, զորավարժությունները, զինծառայողների նախապատրաստումը, հետախուզական տվյալների տրամադրումը, իսկ ԱՄՆ–ն մասնակցում է թիրախների ճշգրտմանը։
«Դա և՛ հրահանգիչների աշխատանքն է ցամաքում, էլ չենք խոսում հազարավոր վարձկանների մասին... Դա մի տեսակ քաղաքական երկվություն է», – հավելել է ՌԴ նախարարը։
Ռուսաստանն ուզում է կոնկրետ վկայություններ տեսնել, որ Արևմուտքը հետաքրքրված է Վլադիմիր Զելենսկուն «կարգապահության» ենթարկելու հարցում։
Արդյոք արևմտյան երկրների հռետորաբանությունը փոխվում է
«Ինձ համար դատելը դժվար է։ Ուրիշի հոգին մութ անտառ է, ու հատկապես ԵՄ–ինը. նրա հոգին շատ խորն է, եթե երբեմն փոփոխություններ են լինում` դա ժամանակավոր է»։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Մակրոնը հաստատել է Պուտինի հետ շփումները շարունակելու իր տրամադրվածությունը։
«Բոլոր խնդիրները ուկրաինական կողմում են, որը կտրականապես հրաժարվում է բանակցություններից և իսկզբանե անիրատեսական պայմաններ է առաջ քաշում», – հավելել է նախարարը։