«Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում արձանագրվել է շուրջ 557 մլն դրամի վնաս

Գյումրու սելեկցիոն կայան
Հաշվի առնելով, որ բացահայտված խախտումները պարունակում են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում արձանագրվել է շուրջ 557 մլն դրամի վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության մամուլի բաժինը։
Ուսումնասիրվել է 100% պետական մասնաբաժին ունեցող ընկերության 2018-2022 թվականների գործունեությունը, ինչի արդյունքում մի շարք լուրջ խախտումներ են արձանագրվել։
2019-2022 թվականներին 2018 թվականի համեմատ գրանցվել է հացահատիկային, հատիկընդեղենային և կերային մշակաբույսերի բերքատվության ցուցանիշների կրկնակի, որոշ դեպքերում նաև եռակի անկում։ Դրա հետևանքով ընկերության իրացումից հասույթը պակաս է ձևավորվել առնվազն շուրջ 497 մլն դրամով:
Ըստ ուսումնասիրության՝ ցածր բերքատվության հիմնական պատճառը սերմնաբուծության գործընթացի անարդյունավետ կառավարումն է եղել։ Ցանքի նպատակով ընկերության պահեստից դուրս են գրվել համապատասխան նորմաներից ավել քանակով սերմեր, սակայն ցանվել են ցանքային նորմաներից գրեթե կիսով չափ պակաս քանակով:
Խախտվել են նաև «Սերմերի մասին» օրենքի դրույթները։
«Ընկերության արտադրական ցանքատարածություններում 2021 թվականին ցանվել են ՀՀ-ում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում չգրանցված, տնտեսական օգտակարության պետական փորձարկում չանցած, հավաստագրման ոչ ենթակա աշնանացան ցորենի և գարնանացան գարիի սորտեր՝ ընկերությանը հասցնելով նախնական հաշվարկով 27 մլն դրամի վնաս»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է նաև, որ ընկերության ցանքատարածությունների հիմնական մասը գտնվում է անբարենպաստ վիճակում, ծածկված է մոլախոտերով, գարնանացան գարիի ցանքատարածությունում առկա է աշնանացան ցորենի խառնուրդ, իսկ կորնգանի դաշտում առկա է չհաշվառված և ոչ մի կերպ չարձանագրված աշնանացան ցորեն:
Երևանում գործող բենզալցակայաններից մեկի շահագործումը դադարեցվել է. ի՞նչ կանոններ են խախտել
Կաթնապրանքային ֆերմայի գործունեության ուսումնասիրության արդյունքում էլ պարզվել է, որ խոշոր եղջերավոր անասունների հարկադիր մորթից գոյացած տավարի միսն իրացվել է միջին շուկայական արժեքից չհիմնավորված ցածր գներով՝ շուրջ 11 մլն դրամով պակաս։ Բացի այդ, մորթը և մթերքի իրացումն իրականացվել են «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի դրույթների կոպիտ խախտումներով:
Հայտնաբերված խախտումները ներկայացվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։
Հաշվի առնելով, որ բացահայտված խախտումները պարունակում են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ` հավաքագրված տվյալները փոխանցվել են նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար: