Երևանում 2 մարդ վրաերթի է ենթարկվել. վարորդը դիմել է փախուստի

Արխիվային լուսանկար. Արխիվային լուսանկար
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Երևանի Մոլդովական փողոցում վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու ու դիմել փախուստի։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Մասնավորապես, նոյեմբերի 14–ին, ժամը 23։50-ի սահմաններում, դեռևս չպարզված անձը իր վարած Subaru մակնիշի ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 37/19 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ Մուրադ Ս․-ին և Երևանի բնակիչ 55-ամյա Լեռնիկ Բ․-ին։
«Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով դեպքի վայրում, ավտոմեքենայով հեռացել է ու բախվել Մոլդովական փողոցի թիվ 37/55 սեփական տան երկաթյա դարպասին։ Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։