Արցախից տեղահանված քաղաքացիները պետիցիա հանձնեցին Ֆրանսիայի դեսպանատուն

Ակցիայի մասնակիցները վստահ են, որ Ֆրանսիայի Սենատի բանաձևն ամուր հարթակ կդառնա արցախյան հիմնախնդրի արդարացի կարգավորման համար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող Արցախից տեղահանված քաղաքացիները Ֆրանսիայի դեսպանատուն պետիցիա հանձնեցին ի աջակցություն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևի:
ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող Արցախից տեղահանված քաղաքացիները Ֆրանսիայի դեսպանատուն պետիցիա հանձնեցին
Նշենք, որ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը քննարկելու է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձևը:
«Մենք` Լեռնայի Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալներս, մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Սենատին, երկրի քաղաքական ուժերին և անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում իրենց դիրքորոշման համար: Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրաասենյակ բացելու մտադրությունը: Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը վերջինը չի լինի, հատկապես, որ դա պահանջում է տարածաշրջանում ստեղծված իրացիճակը: Մենք վստահ ենք, որ Ֆրանսիայի Սենատի բանաձևն ամուր հարթակ կդառնա Ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի կարգավորման համար»,- ասված է պետիցիայի մեջ:
Ֆրանսիայի դեսպանատուն հանձնած պետիցիան
«Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրիյանը նշեց, որ այն ստորագրել է ավելի քան 1700 քաղաքացի ամբողջ աշխարհից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Լեհաստանից, Գերմանիայից, Սուդանից և այլն:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայրիյանը նշեց, որ հնարավոր է` նոյեմբերի 16-ին էլ ԱՄՆ դեսպանատուն նամակ փոխանցեն։