ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում բացահայտել են պետական դավաճանության հերթական դեպքը, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ քաղաքացի, 2021 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին ՊՆ եռամսյա հավաքներին մասնակցած զինծառայող, շարքային Է.Ա-ն կարճ ժամանակով առնչվել է պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին։
«2021 թվականի հոկտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական կայքով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող, պայմանական անունով հանդես եկող անձի հետ և հավաքագրվել վերջինիս կողմից։ Անձնական շահագրգռվածությունից ելնելով` իր բջջային հեռախոսի «Վոթսափ» հավելվածի միջոցով նույն ժամանակահատվածում հավաքել և հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իրեն վստահված դիրքի, դրա կոնկրետ տեղակայման, դիրքապահ անձնակազմի քանակի, սպառազինության, դրանցում ծառայության անցկացման կարգի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Այս ամենի դիմաց շարքային Է.Ա-ն ստացել է իբր իր զրուցակցի մերկ լուսանկարները:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ անձը ձերբակալվել է: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: