ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Լոռիում, Սյունիքում, Տավուշում, Վայոց Ձորում և Երևանում կանայք ավելի շատ նախապատվություն են տալիս աղջիկ երեխաներին։ Սա պարզ է դարձել Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի հետ կապված հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո։
Նշենք` այսօր` նոյեմբերի 14-ին, Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահում» տեղի ունեցավ համաժողով, որի ընթացքում ներկայացվեց Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտության արդյունքները:
Հետազոտությունն իրականացվել է 2022 թվականի հունիս ամսին՝ նպատակ ունենալով պարզել Հայաստանում 18-49 տարեկան՝ երբևէ հղիություն ունեցած կանանց, նրանց ընտանիքի անդամների մոտեցումները և տրամադրվածությունը երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին։
«Հետազոտությունը խնդիր ուներ գնահատելու Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները, ինչպես նաև այս ասպարեզում փոփոխությունները և միտումները վերջին 5 տարվա ընթացքում՝ անցկացնելով համամետական վերլուծություն 2017 թ.-ին իրականացված հետազոտության հետ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանը:
Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, բոլոր մարզերում հավասար նախապատվություն տվողների տեսակարար կշիռը 2017 թ․-ի համեմատ նվազել է, ավելացել են տղա կամ աղջիկ նախընտրողների բաժինները:
Տղաներին ամենաշատը նախապատվություն են տալիս Գեղարքունիքի մարզում։ Տավուշը միակ մարզն է, որտեղ աղջիկներին ընտանիքում նախապատվություն տվողների տեսակարար կշիռը ավելի մեծ է։ Ընդ որում` Տավուշի մարզում աղջիկների նախապատվությունը 2022 թ․ աճել է 2017 թ․ տվյալների համեմատ։ Երևանում այդ ցուցանիշները հավասար են։
Առաջին հղիության ժամանակ երեխայի սեռի նախապատվության ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ` տղա երեխաների նախապատվությունը շարունակում է գերակշռող լինել աղջիկ երեխաների նկատմամբ, թեպետ առաջին հղիության ժամանակ աղջիկ երեխա ցանկացողների տեսակարար կշիռն աճել է 2017 թ․ համեմատ թե՛ կանանց, թե՛ ամուսնու/զուգընկերոջ դեպքում (10-11%)։
Մինչդեռ մարզերի քաղաքային բնակավայրերում աղջիկներին նախապատվություն տվողների թիվը ոչ միայն աճել է, այլև գերազանցում է տղաներին նախապատվություն տվողների թվին։
Արդյունքներն ըստ մարզերի դիտարկելու դեպքում պարզ է դառնում, որ առաջին հղիության դեպքում բոլոր մարզերում հարցված ամուսինները նախապատվությունը տալիս են տղաներին։
Ինչ վերաբերում է «տարբերություն չկա» պատասխանին, ապա այդ տարբերակն ընտրած հարցվողների տեսակարար կշիռն ավելի մեծ է Տավուշում և Վայոց Ձորում։
Այս կամ այն սեռին նախապատվություն տալու պատճառներին անդրադառնալիս հարցվածների 91%-ը նշել է, որ ընտանիքում որդիներին նախապատվություն տալիս են, քանի որ «տոհմը շարունակում են որդիները»։ 83%-ը նշել է, որ «տղաները հայրենիքի պաշտպանն են», 67%-ը՝ «որդիներն ունեցվածքի ժառանգորդներ են», եղել է նաև «ամուսնանալուց հետո դուստրը այլևս քոնը չէ» տարբերակը։ Այն հարցվածները, որոնց ընտանիքում նախապատվությունը տալիս են աղջիկ երեխաներին` նշել են, որ «դուստրը միշտ պատրաստ է օգնել ծնողներին:
Հավելենք, որ հետազոտությունն իրականացվել է «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման տարածվածությունը, պատճառները» ծրագրի շրջանակում։ Այն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ: