Տեսախցիկն արձանագրել է կովկասյան ընձառյուծի գիշերային զբոսանքը

ՀՀ հատուկ պահպանվող տարածքներում վերջին տարիներին տեղադրված տեսախցիկները մինչ օրս կովկասյան ընձառյուծի 3 առանձնյակ են հայտնաբերել 2018, 2020 և 2022 թվականներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. «Արևիք» ազգային պարկում տեսախցիկն արձանագրել է ընձառյուծի գիշերային զբոսանքը։ Տեսանյութը հրապարակել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) ֆեյսբուքյան էջը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին զբոսնում և ուսումնասիրում տարածքը։
Նշենք, որ կովկասյան ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է:
ՀՀ հատուկ պահպանվող տարածքներում վերջին տարիներին տեղադրված տեսախցիկները մինչ օրս կովկասյան ընձառյուծի 3 առանձնյակ են հայտնաբերել 2018, 2020 և 2022 թվականներին։
Կովկասյան ընձառյուծը ՀՀ տարածքում բնակվել է վաղնջական ժամանակներից, իսկ խորհրդային տարիներին որսորդների համար արժեքավոր ավար է եղել թանկարժեք մորթու պատճառով։
Տեղեկություններ կան, որ միայն 1950-1972-ին ՀՀ տարածքում 75 կենդանի է սպանվել։
Ներկայումս կովկասյան ընձառյուծն ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: