ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ քննարկել է Թբիլիսիի առաջարկած Հարավային Կովկասում խաղաղության պահպանման համար առաջ քաշված «Խաղաղ բարիդրացիության նախաձեռնությունը»։
Ինչպես հաղորդում է Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, ընդգծվել է, որ հարթակում բացի Հարավային Կովկասի երկրներից ներգրավված են նաև միջազգային գործընկերներ: Կողմերը քննարկել են տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության և զարգացման համար անվտանգության և կայունության ապահովման կարևորությունը:
Ղարիբաշվիլին կրկին նշել է, որ Վրաստանը պատրաստ է նաև ապագայում բոլոր հնարավոր ուղիներով աջակցել երկու հարևան երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու պատրաստակամության մասին Վրաստանի իշխանություններն առաջին անգամ հայտարարել էին դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ։
2021 թվականի հոկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնապես հայտարարեց մի հարթակ ստեղծելու առաջարկի մասին, որի շրջանակում Թբիլիսին մոդերատոր կդառնա Երևանի և Բաքվի միջև՝ պարզաբանելով, որ Թբիլիսին չի հավակնում նախաձեռնության շրջանակներում քաղաքական բնույթի հարցեր քննարկել։
Արդեն 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Ալիևը հայտարարեց Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման համար Բաքու-Թբիլիսի-Երևան պլատֆորմի ստեղծման կարևորության մասին։ Այս ձևաչափով երկրները կկարողանան քննարկել էներգետիկայի, հաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։