Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի Ռուսաստանին մեկուսացնելու փորձերը

Ժոզեպ Բորելը
ԵՄ-ն մտադիր է ուժեղացնել ճնշումը Իրանի և Բելառուսի վրա` Ռուսաստանին «ռազմական օգնություն» ցուցաբերելու պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Արտգործնախարարների խորհրդի` Բրյուսելում կայացած նիստի արդյունքներով հայտարարել է, որ արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են շարունակել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա, ինչպես նաև փորձել մեկուսացնել նրան միջազգային ասպարեզում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կշարունակենք մեկուսացնել Ռուսաստանը միջազգային ասպարեզում, կշարունակենք սահմանափակող միջոցներ ներդնել Ռուսաստանի տնտեսության դեմ։ Մենք պատրաստ ենք ուժեղացնել սահմանափակող միջոցները, պատժամիջոցներ կիրառել երրորդ երկրների դեմ, որոնք զենք են մատակարարում և ռազմական աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին՝ Իրանի և Բելառուսի դեմ», -ասել է Բորելը ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Politico պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ նախարարները նոյեմբերի 14-ին սկսել են քննարկել Ռուսաստանի նկատմամբ նոր ռազմավարությունը, որը կոչված է փոխարինելու դեռևս 2016 թվականին ընդունված ռազմավարությանը: Քննարկումը կարող է տևել մի քանի շաբաթ կամ ամիս:
Սակայն, ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի կարծիքով, որը լրագրողների հետ շփվել է նախարարների հանդիպումից առաջ, նման փաստաթուղթն իմաստ ունի քննարկել և հաստատել արդեն Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո: