ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն թույլ է տվել նախկինում պատժամիջոցների տակ հայտնված ՌԴ ձեռնարկությունների հետ գործարքներ իրականացնել քաղավիացիայի անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է ԱՄՆ ֆիննախը։
«Քաղավիացիայի անվտանգությունն ապահովելու շահերից ելնելով` թույլատրված են բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են՝ ապահովելու համար ապրանքների, տեխնոլոգիաների կամ ծառայությունների մատակարարումը, արտահանումը կամ վերաարտահանումը նախկինում պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների հետ», – ասվում է ֆիննախի փաստաթղթում։
ԱՄՆ ֆիննախի ներկայացրած ցուցակի համաձայն, պատժամիջոցների գործողությունների սահմանափակումն առնչվում է Միավորված ավիաշինարարական կորպորացիային, «Իրկուտ» ռուսաստանյան ավիաշինարարական կորպորացիային և դրա հետ կապված ընկերություններին, Իլյուշինի անվան ավիացիոն համալիրին և դրա հետ առնչություն ունեցող ֆինանսական ընկերությանը, Տագանրոգի Բերիևի անվան ավիացիոն գիտատեխնիկական համալիրին, Գրոմովի անվան թռիչքահետազոտական ինստիտուտին, «Տուպոլև» ընկերությանը, «ԿԱՊՈ-Ավտոշին» ՍՊԸ–ին, «Իրկուտ» ցանցային ընկերություն» ՍՊԸ–ին, Պետական տրանսպորտային լիզինգային ընկերությանը, ինչպես նաև Emperor Aviation ավիաընկերությանը։
Ամերիկյան գերատեսչությունում պարզաբանել են, որ պատժամիջոցային ռեժիմի մեղմացումը նախկինի պես չի տարածվում ՌԴ ԿԲ–ի կամ ՌԴ ազգային բարեկեցության հիմնադրամի և ՌԴ ֆիննախի, ինչպես նաև արտոնագրում չնշված և հակառուսական պատժամիջոցների տակ գտնվող այլ ընկերությունների և ֆիզանձանց միջոցով իրականացվող ֆինանսական գործարքների վրա։