ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ իրանական լրտեսական ցանց է բացահայտել։
Ըստ հաղորդագրության` ծառայությունը համալիր օպերատիվ–քննչական միջոցառումներ է իրականացնում Ադրբեջանի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից իրականացվող հետախուզական–դիվերսիոն գործունեությունը կանխելու և ստեղծված լրտեսական ցանցը բացահայտելու համար։
Բացահայտման արդյունքում ձերբակալել են 5 մարդու։ Հայտնում են, որ լրտեսողներից մեկը Կասպից ծովի նավթային նավատորմի նավապետ է, որը կրթությունը ստացել է Իրանի Ղոմ քաղաքում։
Տղամարդը տեղեկություններ է հավաքել Ադրբեջանում գործող օտարերկրյա պետությունների ընկերությունների և ներկայացուցչությունների, Կասպից ծովում ռազմածովային ուժերի զորավարժությունների վայրի և ժամանակի, նավթային հարթակներ տեղափոխվող բեռների մասին:
Հետաքննության արդյունքում WhatsApp հավելվածում հայտնաբերվել են խմբեր, որոնք Ադրբեջանի սահմանադրությանը հակասող արմատական, կրոնական–ծայրահեղական գաղափարներ են տարածում, որոնց նպատակը Ադրբեջանում կրոնական պետություն ստեղծելն է։