Շատ ճիշտ եք՝ առաջին հայացքից, կարծես թե, որևէ արտառոց բան չկա. եթե դուք գրեթե անկախության հասակակիցն եք՝ ծնվել եք, ասենք, 1992 թվականին, սա ձեր երրորդ միլիարդն է։ Որովհետև 1999 թվականին, երբ առաջին դասարան գնացիք, աշխարհի բնակչությունը դարձավ 6 միլիարդ, իսկ 2011-ին, երբ ավարտեցիք համալսարանը, մարդկության թիվը կազմեց 7 միլիարդ։ Բայց 8-րդ միլիարդն ուրիշ է, որովհետև դեռ 70-ականներին, այսպես կոչված, Հռոմեական ակումբը, որն զբաղվում է գլոբալ մարտահրավերներով, պնդում էր՝ 8 միլիարդը այն սահմանն է, որը դեռ տանելի է մեր մոլորակի համար, դրանից հետո Երկրի վրա աղետներ են սկսվելու։
Միանգամից փաստեմ՝ այս վախը հնուց է գալիս։ Կարո՞ղ եք կռահել, թե երբ են ասվել այս խոսքերը. «Մեր բնակչությունն այնքան շատ է, որ Երկիրն այլևս չի դիմանում»։ Ահազանգը մեր թվարկության երրորդ դարի սկզբին հնչեցրել է Կարթագենում ապրող աստվածաբան Ֆլորենս Տերտուլիանոսը։ Գիտե՞ք, թե որքան էր այն ժամանակ Երկրի բնակչության թիվը։ Ընդամենը 300 միլիոն մարդ։
Դե անգլիացի հոգևորական և գիտնական Թոմաս Մալթուսի տեսության մասին հաստատ լսել եք։ Մարդկանց թիվն աճում է երկրաչափական, իսկ ռեսուրսների քանակը՝ թվաբանական պրոգրեսիայով, և ուրեմն, ինչ էլ անենք, գալու է այն անխուսափելի պահը, երբ սկսվելու են համատարած սովը, աղքատությունը և սոցիալական ցնցումները։ Ավելին, Բնության համաշխարհային հիմնադրամը ժամանակին զգուշացնում էր՝ որպեսզի մարդկությունը չոչնչանա, այն պետք է գաղութացնի երկու նոր մոլորակ։ Ինչո՞ւ հենց երկու։ Դե երևի մեկը ապրելու, իսկ մյուսը փչացնելու և ապականելու համար։
Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ մի քանի տարի առաջ լույս տեսավ կանադացի լրագրող Ջոն Իբիթսոնի և քաղաքագետ Դարել Բրիքերի «Դատարկ Երկրագունդ» գիրքը։ Հեղինակները պնդում են՝ եթե նույնիսկ ինչ-որ ահավոր բան պատահի, դրա պատճառը լինելու է ոչ թե մոլորակի բնակչության անկառավարելի աճը, այլ լրիվ հակառակը՝ դրա կրճատումը, որովհետև հասնելով 8,5 միլիարդի, մարդկության թիվը սկսելու է նվազել։ Էնպես որ, առնվազն երիտասարդ սերնդին ևս մի նշանակալի, ես կասեի՝ աննախադեպ, իրադարձություն է սպասում՝ հասնել լեռան գագաթին, որից անդին վայրէջքն է։ Իհարկե, եթե այս տեսությունը ճիշտ դուրս գա։ Որովհետև արտառոց կանխատեսումներ, թե Հայաստանի բնակչությունը կհասնի 4, նույնիսկ 5 միլիոնի, շատ ենք լսել ամենաբարձր մակարդակով։ Մինչև հիմա ազգովի գլուխ ենք կոտրում՝ լա′վ, ի՞նչ են մտածել մարդիկ, երբ նման տարօրինակ բաներ են ասել։ Հիմքերը որո՞նք են եղել։
Մոլորակի բնակչության սպասվող կրճատման տեսության հեղինակները միանգամայն կոկրետ հիմքեր ունեն։ Գաղտնիք չէ, որ կանայք այժմ շատ ավելի քիչ երեխաներ են ունենում։ Ընդ որում, խոսքը բոլորովին էլ միայն զարգացած պետությունների մասին չէ։
Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել՝ այս դարի վերջին աշխարհի 183 երկրներում կանայք ավելի քիչ երեխա են ունենալու, քան անհրաժեշտ է բնակչության վերարտադրության համար։ Ամենից մեծ կորուստներ են կրելու Ճապոնիան, Իտալիան, Իսպանիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որտեղ բնակչության թիվը կրճատվելու է երկու անգամ։
Եթե մտածում եք, որ օրինակ, Աֆրիկայում և Չինաստանում բնակչությունը առաջվա պես աճելու է, չարաչար սխալվում եք։ Գրեթե մեկուկես միլիարդանոց Չինաստանում դարավերջին կմնա մոտ 750 միլիոն մարդ, իսկ Նիգերում, որտեղ հիմա միջին կինը ծնում է 7 երեխա, ծնելիության ցուցանիշը երկուսի էլ չի հասնի։ Այսինքն, բազմաթիվ երկրների իշխանությունների առջև ծառանալու են ոչ թե ջրի ու պարենի բացակայության, այլ բնակչության ծերացման հետ կապված պրոբլեմները։ Կանադայում և Շվեդիայում դրանք սկզբունքորեն են լուծվել։ Այդ երկրներն ընդունել են մեծ թվով լավ կրթված և աշխատունակ ներգաղթյալների։
Համաձայնե′ք, գոնե այս հարցում մենք Կանադային և Շվեդիային բոլորովին չենք զիջում։ Գնացեք Երևանի կենտրոն ու կտեսնեք, թե ինչպես են մեր սուպերմարկետներում աշխուժորեն առևտուր անում, մեր սրճարաններից ու ռեստորաններից օգտվում լավ կրթված և աշխատունակ միգրանտները։ Պարզապես մի վերապահում՝ մեր հարազատ իշխանությունները մատը մատին չեն խփել այթիշնիկներին Հայաստան բերելու համար։ Ինչպես ասում էր ամերիկացի ամենահայտնի ֆանտաստ գրողներից մեկը՝ Ռոբերտ Հայնլայնը, «այս մոլորակը գերծանրաբեռնված չէ, այն պարզապես վատ է կառավարվում»։