5 տարի ծառայություն և 5 միլիոն դրամ պատվո վճար. Պապիկյանը ներկայացրեց նոր ծրագիրը

Սուրեն Պապիկյանը. Արխիվային լուսանկար
ԶՈւ–ում նախատեսվում է ներդնել «Պաշտպան հայրենյաց» նոր ծրագիրը. «Ես եմ» ծրագիրը կդադարի գործել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Պաշտպանության նախարարությունը շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր համակարգ է առաջարկում։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխությունների նախագիծը։
Ըստ այդմ` նախատեսվում է ներդնել «Պաշտպան հայրենյաց» նոր ծրագիրը, որով կդադարեցվի «Ես եմ» ծրագրի գործունեությունը։ Ի դեպ, այս պահին 2 զինծառայող է «Ես եմ» ծրագրի շրջանակներում ծառայում։
«Նոր ծրագիրը` «Պաշտպան հայրենյացը», նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի։ Ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվո վճար ստանալու իրավունք: Պատվո վճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինվում է ազատորեն»,–ասաց Պապիկյանը։
Նրա խոսքով` պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ծառայության ժամկետը չի հաշվարկվելու որպես ժամկետային զինծառայություն, ու զինծառայողն ուղարկվելու է պարտադիր զինծառայության` լրացնելու ժամկետային զինծառայության չծառայած մասը։ Ի դեպ, ծրագրին մասնակցողներն իրավունք կստանան ատեստավորում անցնելու` կրկնակի հավելավճար ստանալու համար։
Պապիկյանը հայտնեց` «Ես եմ» ծրագրով ծառայածները, ինչպես նաև 2020-ի պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքները կստանան 5 մլն դրամ պատվո վճար, որը կարող են ազատ տնօրինել։
Նախարարը մանրամասնեց` 18-ամյա երիտասարդը 6 ամիս ծառայելուց հետո կարող է նոր ծրագրով շարունակել ծառայությունը և այդ օրվանից սկսած ստանալ 316 000 դրամ աշխատավարձ, իսկ եթե մարտական ծառայության է, ապա ընդհուպ մինչև 380 000 դրամ աշխատավարձ կստանա։ Իսկ 5 տարի անց 5 մլն դրամ պատվո վճար կստանա։
«Ես եմ» ծրագրով նախատեսվող պատվովճարը չի տրամադրվում զոհվածների ընտանիքներին․ պատգամավոր