ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ոսկու համաշխարհային գները հասել են երկու ամսված մեջ ամենաբարձր մակարդակի այն բանից հետո, երբ հոկտեմբերին ԱՄՆ-ում գնաճը նվազել է։ Ներդրողների ակնկալիքների համաձայն՝ գնաճի գագաթնակետը կարող է ավարտվել, և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կդադարի բարձրացնել կամ ավելի քիչ կբարձրացնի տոկոսադրույքը:
Այս դեպքում դոլարի արժեքը կարող է նվազել, քանի որ եթե ԱՄՆ-ում տոկոսադրույքները չբարձրանան, ապա չի աճի նաև ամերիկյան արժեթղթերի շահութաբերությունը, որոնցով հաշվարկվում են այդ տոկոսները: Եթե դոլարն ավելի քիչ շահույթ է բերում, այն ավելի քիչ գրավիչ է դառնում օտարերկրյա ներդրողների համար, և դրա գնանշումները նվազում են:
Մասնավորապես՝ հոկտեմբերին ԱՄՆ-ում գնաճը կազմել է 7,7 տոկոս, ինչը հունվարից սկսած ամենացածրն է։
Հիմնական արժույթների նկատմամբ դոլարի ինդեքսը (DXY) 10 օրվա ընթացքում նվազել է մոտ 8,5 կետով. սա վերջին մի քանի ամիսների ամենամեծ անկումն է։
Դա առնչվում է ոսկու շուկաներին այն պատճառով, որ դոլարի և ոսկու գները հակառակ կախվածության մեջ են. որքան էժան է դոլարը, այնքան թանկ է ոսկին, և հակառակը։ Պատճառն այն է, որ ոսկու համաշխարհային գները արտահայտված են դոլարով, այնպես որ, երբ դրա փոխարժեքը նվազում է, այլ արժույթներից օգտվողներին ավելի ձեռնտու է դառնում ոսկի գնելը (օրինակ՝ Հնդկաստանը ոսկու ամենամեծ համաշխարհային սպառողն է):
Արդյունքում, եթե նոյեմբերի 10-ին Նյու Յորքի բորսայում ոսկու գինը կազմում էր մեկ ունցիայի դիմաց մոտ 1 710 դոլար, ապա այժմ այն արդեն ավելի քան 1 770 է։
Այս հոդվածը կոչ կամ առաջարկություն չէ ներդրումներ կատարել դոլարի կամ ոսկու մեջ: